Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամության խմբերի ձևաչափով հայաստանյան պատվիրակության այցի մեկնարկը տրվեց՝ պատվիրակության ղեկավար Լենա Նազարյանի կողմից՝ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում Ապրիլի 9-ի զոհերի հուշահամալիրին ծաղիկներ խոնարհելով: 
Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական խմբերը հանդիպեցին խորհրդարանում, քննարկեցին արտաքին հարաբերություններին, համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:
Աշխատանքային խմբերին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում ընդունեց Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին:
Արդարադատության տանը հանդիպում եղավ Վրաստանի արդարադատության առաջին փոխնախարարի հետ: Ճանաչողական այցի շրջանակներում վրաստանյան կողմը ՀՀ պատվիրակությանը ներկայացրեց Արդարադատության տան աշխատանքային ընթացքը:
Այցի օրակարգում էր նաև Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարություն այցելությունը. փոխնախարար Սոլոմոն Պավլիաշվիլիի գլխավորությամբ՝ նախարարության տարբեր բաժանմունքների ղեկավարներն ընդունել են Հայաստանի պատվիրակությանը:

Հագեցած աշխատանքային օրվա ավարտին Լենա Նազարյանը եղել է նաև Թբիլիսիի Հավլաբար թաղամասում «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տանը:


