«Ոստիկանական քաղաք»՝ ավելի քան 1000 ոստիկանի համար. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում «Ոստիկանական քաղաքի» շինարարության վայրում հայտարարել է, որ «Ոստիկանական քաղաքը» նախատեսված է ավելի քան 1000 ոստիկանի համար:

Կառավարության ղեկավարը նշել է՝ ծրագրի արժեքը մոտ 125 մլն լարի է, որի մի խորհրդանշական մասը կվճարեն ոստիկանները, իսկ մյուս մասը կհոգա պետությունը։

«Այս նախագծի արժեքը մոտ 125 մլն լարի է։ Ոստիկանները սիմվոլիկ գին են վճարելու, ես կասեի՝ քառակուսի մետրը մոտ 300 լարի, մնացածն ամբողջությամբ կհոգա պետությունը, ներքին գործերի նախարարությունը»,- ասել է վարչապետը:

Ի դեպ, «Ոստիկանական քաղաքը» կառուցվում է վարչապետի նախաձեռնությամբ: Շինարարության ավարտից հետո առաջին փուլում բնակարաններ կստանան 1 000-ից ավելի գործող ոստիկաններ ու ՆԳՆ աշխատակիցներ։

«Ոստիկանական քաղաք» նախագիծն իրականացվում է Սաբուրթալո թաղամասում՝ Աննա Պոլիտկովսկայա փողոցում: 6 հեկտար տարածքում կկառուցվեն 12 և 13 հարկանի բնակելի շենքեր, բնակելի համալիրի հետ միասին կկազմակերպվեն ժամանցի և սպորտային տարածքներ։