ԱՄՆ-ը դատապարտել է ՌԴ օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացու սպանությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտել է ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիի սպանությունը: Այդ մասին սոցցանցում գրել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը, որը ֆեյսբուքյան էջով տարածել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտում և սգում է ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիի սպանությունը: Այս մահը վառ օրինակ է այն ավերածությունների, որոնք Ռուսաստանը պատճառում է Վրաստանին և այլ ինքնիշխան տարածքներին իր հետևողական օկուպացիայի միջոցով», — ասել է Միլլերը:

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության տվյալներով, Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի մոտ գտնվող օկուպացված տարածքում՝ փորձելով ապօրինի ձերբակալել տեղի բնակչին, ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները սպանել են Վրաստանի մեկ քաղաքացու։

Միջադեպից հետո Թբիլիսին խնդրել է անցկացնել տեխնիկական հանդիպում, որին կմասնակցեն ռուսական օկուպացիոն ուժերի, օկուպացված Ցխինվալիի շրջանի և ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ խորապես վրդովված է և այդ սպանությունը համարում է հարձակում Վրաստանի պետականության վրա: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնել սպանվածի ընտանիքին, ինչպես նաև կոչ է արել օկուպացիոն ռեժիմին համագործակցել բոլոր կողմերի հետ՝ մեղավորին բացահայտելու և պատժելու համար։