«Ռուսաստանը սպանում է». միջազգային հանրության արձագանքը

Միջազգային հանրության ներկայացուցիչներն արձագանքում են ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացու սպանությանը:

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Վրաստանի օկուպացված շրջաններում՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում, անօրինական է։

«Եվրամիությունը կտրականապես դատապարտում է Կիրբալիում ռուս սահմանապահների կողմից Վրաստանի քաղաքացու սպանությունը և մեկ այլ քաղաքացու ձերբակալությունը: Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ձերբակալվածին», — գրված է Բորելի X-ի միկրոբլոգի հայտարարության մեջ:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեիչինովիչ Բուրիչը նույնպես պահանջում է վերադարձնել ապօրինաբար ձերբակալված Վրաստանի քաղաքացուն։

«Ես ցավում եմ Վրաստանի Ցխինվալի/Հարավային Օսիայի շրջանի շփման գծի մոտ ռուս օկուպանտների կողմից Վրաստանի քաղաքացու վրա մահացու կրակոցի համար։ Ցավակցում եմ սպանվածի ընտանիքին և Վրաստանի իշխանություններին»,- գրել է նա։

X-ի իր միկրոբլոգում եվրոպացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը գրել է. «Ռուսաստանը սպանում է: Նրանք սպանում են Ուկրաինայում, Սիրիայում և, իհարկե` Վրաստանում։ Վրաստանն ունի ռուսական օկուպացիայի 200 տարվա փորձ և գիտի, որ ագրեսորին երբեք չի հաջողվում վախեցնել։ Չարի դեմ միայն միասին կանգնելով կարող ենք հաղթել։ Ցավակցում եմ Ռուսաստանի կողմից ևս մեկ զոհի ընտանիքին»:

Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանի խոսքով, այդ սարսափելի արարքի ողջ պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը։

«Ողբերգական լուր Կիրբալիից: Այս սարսափելի արարքի ողջ պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը։ Միայն Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացիայի ամբողջական ազատագրումը կարող է ապահովել, որ նման զազրելի միջադեպ չկրկնվի»,- գրել է Լեքսմանը:

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնը գրել է, որ ցնցված է ռուսական ուժերի կողմից Թամազ Գինտուրիի սպանությունից. «Ցավակցում եմ նրա ընտանիքին ու հարազատներին։ Ռուսաստանը պետք է դադարեցնի իր անօրինական ներկայությունը վրացական հողում և ազատ արձակի բոլոր ձերբակալվածներին»:

Հայտարարություն է տարածել նաև Վրաստանում Էստոնիայի դեսպանությունը։

«Խստորեն դատապարտում ենք վրացական օկուպացիոն գծի մոտ տեղի ունեցած ճակատագրական միջադեպը՝ Վրաստանի քաղաքացու սպանությունը։ Ռուսաստանի Դաշնության սահմանապահների կողմից ուժի կիրառումն անընդունելի է: Ցավակցում ենք հանգուցյալի ընտանիքին»,- նշված է հաղորդագրությունում։

Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտել է ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիի սպանությունը: 

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության տվյալներով, Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի մոտ գտնվող օկուպացված տարածքում՝ փորձելով ապօրինի ձերբակալել տեղի բնակչին, ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները սպանել են Վրաստանի մեկ քաղաքացու։

Միջադեպից հետո Թբիլիսին խնդրել է անցկացնել տեխնիկական հանդիպում, որին կմասնակցեն ռուսական օկուպացիոն ուժերի, օկուպացված Ցխինվալիի շրջանի և ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ խորապես վրդովված է և այդ սպանությունը համարում է հարձակում Վրաստանի պետականության վրա: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնել սպանվածի ընտանիքին, ինչպես նաև կոչ է արել օկուպացիոն ռեժիմին համագործակցել բոլոր կողմերի հետ՝ մեղավորին բացահայտելու և պատժելու համար։