Վրաստանը ստանձնում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը

2019 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2020 թվականի մայիսի 15-ը Վրաստանը ստանձնում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը:

Այսօր Ստրասբուրգում ԵԽ Նախարարների կոմիտեի նիստում նախագահությունը Ֆրանսիան կփոխանցի Վրաստանին։

Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Ամելի դե Մոնշալենը Վրաստանի արտաքին գործերի նախարարին կփոխանցի խորհրդանշական բանալին` որպես առաջիկա նախագահող:

Նախագահությունը ստանձնելուց հետո Վրաստանի արտգործնախարարը ելույթ կունենա ԵԽ Նախարարների կոմիտեի նիստին և կներկայացնի նախագահության աշխատանքային առաջնահերթ ուղղությունները, որոնք են․

  1. Մարդու իրավունքներ և շրջակա միջավայրի պաշտպանություն,
  2. Քաղաքացիական ներգրավվածություն որոշումների կայացման գործընթացում,
  3. Երեխաների իրավունքների վրա հիմնված արդարադատություն. վերականգնողական արդարության եվրոպական փորձ,
  4. Ժողովրդավարության ամրապնդում՝ կրթության, մշակույթի և երիտասարդության ներգրավմամբ:

Նախագահության ստանձման պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի արտաքին գործերի նախարարը և Եվրոպայի խորհրդի մշտական ներկայացուցիչները ԵԽ շենքից կմեկնեն վրացական այբուբենով և Վրաստանի նախագահության պատկերանշանով զարդարված հատուկ տրամվայով: