Կուլ չտալ Կրեմլի խայծը․ փորձագետները՝ իշխանություններին

Վրաստանի փորձագիտական շրջանակներն ակտիվորեն քննարկում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրերը՝ իշխանություններին հորդորելով «կուլ չտալ խայծը»։

«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) նախագահ, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին ասում է, որ Կրեմլի կողմից թռիչքների վերսկսումը և վիզային ռեժիմի չեղարկումը ռուսական սադրանք է, Վրաստանի դեմ հիբրիդային պատերազմի ևս մեկ տարր։

«Այստեղ գլխավորը ոչ այնքան Ռուսաստանի գործողություններն են, որքան Վրաստանի կառավարության արձագանքը՝ արդյոք ուղիղ չվերթներ կնշանակի՝ թույլ տալով պատժամիջոցների ենթարկված ռուսական ավիաընկերությունների մուտքը Վրաստան, թե կմնա համերաշխ Արևմուտքի հետ», — ասում է քաղաքագետը։

Մելաշվիլիի կարծիքով, եթե ​​Վրաստանի կառավարությունը խելամիտ դատողություն չցուցաբերի այս պահին, ապա ակնհայտորեն կխոչընդոտի Վրաստանի եվրաինտեգրմանը, իսկ դրա դիմաց կուժեղացնի ռուսական ազդեցությունը:

«Կարմիր գիծը կտրուկ է ու ակնհայտ՝ հերթը վրացական իշխանությանն է, նա կշարունակի շարժվել դեպի Ռուսաստան, թե հավատարիմ կմնա Վրաստանի բնակչության բացարձակ մեծամասնության կամքին», — հավելում է քաղաքագետը։

Քաղաքական վերլուծաբան Գիա Խուխաշվիլին սոցցանցում Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը որակում է «հետխորհրդային երկրին փափուկ ուժով իր ուղեծիր վերադարձնելու հաջող օրինակ»։

«Ինչպե՞ս են կարդում ռուսական որոշումը քաղաքականության լեզվով. Ռուսաստանը համարեց, որ Ռուսական կայսրության մեջ Վրաստանի վերաինտեգրման հիմքը պատրաստ է և կայացրեց համապատասխան ռազմավարական որոշում։

Ուկրաինայում պարտված պատերազմի ֆոնին Ռուսաստանի համար հատկապես կարևոր է ցույց տալ հետխորհրդային երկրին փափուկ ուժով իր ուղեծիր վերադարձնելու հաջող օրինակը»,- ​​գրել է Խուխաշվիլին։

Վրացի տնտեսագետ, Business Media Georgia-ի և Forbes Georgia-ի խմբագիր Գիորգի Իսակաձեն դժվարացավ տնտեսական առումով գնահատականներ տալ՝ նշելով, որ դեռ վաղ է, սակայն նման որոշումը ռիսկային է բոլոր տեսանկյուններից․

«Ռուսաստանը միակողմանի է որոշում, երբ խզի առանց վիզային ռեժիմը, երբ վերականգնի։ Տնտեսությանը դուր չեն գալիս նման որոշումները, և ես հուսով եմ, որ գործարար հասարակությունը այն մակարդակի վրա է, որ համարժեք կգնահատի այս, որից ակնհայտորեն հերթական սադրանքի հոտ է գալիս, քանի որ նախադրյալներ չկան, թե ինչու Ռուսաստանը 2023 թվականի մայիսին կայացրեց որոշումը և ոչ 2019 թվականին։

Ուստի ես անվստահություն ունեմ նրանց կայացրած որոշումների նկատմամբ, հատկապես, երբ Ռուսաստանի Դաշնությունը գրավել է Վրաստանի տարածքի մեկ հինգերորդը», — «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշեց Իսակաձեն։

Սոցցանցերում վերոնշյալ տեղեկությունը տարբեր արձագանքներ ունեցավ, որոշ օգտատերեր քննադատաբար են վերաբերվում հարցին, որոշները՝ ողջունում Պուտինի որոշումը։

Կարդացեք նաև՝

Ռուսաստանը չեղարկեց Վրաստանի հետ վիզային ռեժիմը