Ռուսաստանը չեղարկեց Վրաստանի հետ վիզային ռեժիմը

Ռուսաստանի Դաշնությունը մայիսի 15-ից չեղարկում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը և վերացնում ուղիղ չվերթների արգելքը։ Համապատասխան հրամանը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինի հրամանագիրը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում։ ՌԴ նախագահը կարգադրել է նաև անվավեր ճանաչել 2019 թվականի հունիսի 21-ի հրամանագիրը, որով արգելվում է ուղիղ չվերթները դեպի Վրաստան։

Թբիլիսին դեռևս որևէ մեկնաբանություն չի արել։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթների արգելքը սահմանել է 2019 թվականի ամռանը՝ «Գավրիլովի գիշերից» հետո։

Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ է մտցրել 23 տարի առաջ՝ 2000 թվականին։

Հատկանշական է, որ Վրաստանն իր հերթին ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացրել է 2012 թվականին։