2026-2027 ուսումնական տարում բացառության կարգով առաջին դասարան կկարողանան հաճախել այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Սա կառավարության փոփոխած որոշումն է, որը դրանից առաջ հանրակրթության բարեփոխումների շրջանակներում որոշել էր, որ դպրոցում առաջին դասարանի գրանցումը հնարավոր կլինի միայն այն երեխաների համար, որոնց 6 տարին լրանում է մինչև սեպտեմբերի 15-ը։
ճեպազրույցի ժամանակ «Վրացական երազանք»-ի կառավարության կրթության նախարար Գիվի Միքանաձեն հայտարարել է, որ բնակչության շահերը հաշվի առնելով՝ կառավարությունը միանգամյա կարգով փոխել է այդ որոշումը։
«Բոլորին հայտնի է, որ սկսել ենք հանրակրթության համակարգի բարեփոխումը։ Դրանց թվում նախաձեռնություններից մեկը վերաբերում է դպրոցական տարիքին, մասնավորապես այն խնդրին, որ բարեփոխումների շրջանակներում երեխայի գրանցումն առաջին դասարանում հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե նրա 6 տարին լրանա մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ։
Վերջին շրջանում նշված որոշումը հասարակության մեջ քննարկման առարկա դարձավ, ես ակտիվ քննարկումներ ունեցա այս հարցի շուրջ։ Շրջաններում անձամբ հանդիպեցի դպրոցական համայնքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ ծնողներին։ Դրա հետ մեկտեղ, ծանոթանում էինք սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությանը, բազմաթիվ դիմումներին ու հայտարարություններին։ Այս ամենից հետո մենք վերջնականապես համաձայնության եկանք և տեղեկացնում ենք ձեզ.
Վարչապետի հետ խորհրդակցության հիման վրա որոշում է կայացվել բացառության կարգով, միանգամյա ձևով 2026-2027 ուսումնական տարում առաջին դասարանում գրանցվելու հնարավորություն տալ այն երեխաներին, որոնց 6 տարին լրանում է մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Մեզ համար սկզբունքորեն կարևոր է հասարակության՝ մեր քաղաքացիների կարծիքը լսելը»,- հայտարարել է Միքանաձեն։