Թբիլիսիում և մի շարք քաղաքներում Սաակաշվիլիին աջակցող ցույցեր են անցկացվել

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին աջակցության ցույցեր են անցկացվել Թբիլիսիում, Բաթումիում, Զուգդիդիում և Քութայիսիում, նաև աշխարհի մի շարք քաղաքներում տեղակայված Վրաստանի հյուպատոսություններում և դեսպանատներում։

Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության կազմակերպած բողոքի ցույցեր են անցկացվել Թբիլիսիի երկու վայրերում։ «Խաղաղության կամուրջի» մոտ հավաքված քաղաքացիները վեր են պարզել «Ազատություն Միշային» պաստառը և ունկնդրել Վրաստանի օրհներգը։

ՄԱՇ նախագահի թեկնածուներից Լևան Խաբեիշվիլին իր համախոհների հետ շարժվել է կառավարության շենքի մոտ, ընդունարանի պատին պրոյեկտորով ցուցադրել Սաակաշվիլիի լուսանկարները բանտարկությունից առաջ և բանտարկության ընթացքում և երթով շարժվել  Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոնի ուղղությամբ:

Բաթումիում ցույցը տեղի է ունեցել Աջարիայի կառավարական տան դիմաց։ Ցուցարարներ են հավաքվել նաև Քութայիսիում ու Զուգդիդիում։

Բացի Վրաստանից, երրորդ նախագահին աջակցելու ցույցեր են անցկացվել աշխարհի տարբեր քաղաքներում։