Միխեիլ Սաակաշվիլին հիվանդանոցից տեղափոխվել է բանտ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Վիվամեդ» կլինիկայից տեղափոխվել է բանտ։

Տեղեկությունը հրապարակել է Քրեակատարողական ծառայությունը։

«Վրաստանի օրենսդրության համաձայն, հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ կալանավորի վերադարձը կատարվում է բուժող բժշկի որոշման հիման վրա՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։

Քանի որ դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը բավարար է, և նա այլևս ստացիոնար բուժման կարիք չունի, դուրս է գրվել քաղաքացիական հատվածի կլինիկայից և վերադարձվել 12-րդ քրեակատարողական հիմնարկ, որտեղ կշարունակի կրել իր պատիժը՝ համաձայն ընդհանուր կանոնների», — ասված է Քրեակատարողական ծառայության հաղորդագրության մեջ։

Միխեիլ Սաակաշվիլին բուժման համար տեղափոխվել էր «Վիվամեդ» կլինիկա 2022 թվականի մայիսի 12-ին։