Մոսկվան կրկին զինտեխնիկա է փոխանցել Ցխինվալիին

Օսական RES գործակալության տվյալներով՝ Ռուսաստանը երկկողմանի համաձայնագրի շրջանակներում կրկին զինտեխնիկա է սկսել մատակարարել Ցխինվալիին։

«Անհրաժեշտության դեպքում Հարավային Օսիայի ժողովուրդը միշտ պատրաստ է պաշտպանել իր տարածքը, շահերն ու անվտանգությունը։ Այսօր մենք ականատես ենք Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների շրջանակում ձեռք բերված ևս մեկ արդյունքի»,- տեխնիկայի փոխանցման վերաբերյալ ասել է Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևը։

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ Ռուսաստանը մի քանի ամիս առաջ Ցխինվալիին էր հանձնել «խաղաղ ու պաշտպանական» նպատակներով ռազմական տեխնիկա։

Մոսկվայի և Ցխինվալիի միջև դաշինքի և ինտեգրացիոն համաձայնագիրը նախատեսում է Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածքի ստեղծում։ Այս պարտավորությունների շրջանակում փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմից հետո, Ռուսաստանը Հարավային Օսիայի դե ֆակտո Հանրապետության տարածքից դուրս բերեց ռազմական տեխնիկան և ռուսական բազայում աշխատող ռազմական անձնակազմը։