Երեկ` 2025 թվականի սեպտեմբերի 4-ին, «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի դատավճռի դեմ բողոք ներկայացվեց Վերաքննիչ դատարան։
Ամաղլոբելիի փաստաբանները բողոք են ներկայացրել Քութաիսիի վերաքննիչ դատարանի քրեական պալատ։
Պաշտպանական կողմը բողոքարկել է Բաթումիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Սախելաշվիլիի օգոստոսի 6-ին հրապարակած դատավճիռը, որով Մզիա Ամաղլոբելին դատապարտվել է 2 տարի ազատազրկման՝ ոստիկանապետին ապտակելու համար։
«Բաթումելեբի»-ն հաղորդել է, որ փաստաբանները բողոքում գրել են.
«Բողոքարկված դատավճիռն անօրինական է և անհիմն, որը լիովին չի արտացոլում դատական նիստերում ապացույցների հետազոտման արդյունքները, չի պատասխանում պաշտպանության կողմի որևէ փաստարկի և չի գնահատում պաշտպանության կողմի որևէ ապացույց»։
Ամաղլոբելիի փաստաբաններն են՝ Մաիա Մծարիաշվիլին, Ջումբեր Քաթամաձեն և Ռաժդեն Խիմշիաշվիլին։
«Դատավճիռն այնքան անհիմն է՝ թե՛ փաստական, թե՛ իրավական առումներով, որ տպավորություն է ստեղծվում, թե դա գրել է մի անձ, որը 5 ամիս չի մասնակցել դատական նիստերին կամ մասնակցել է, բայց չի լսել։ Բողոքարկված դատավճիռն ապացույց է այն բանի, որ Մզիա Ամաղլոբելին չի օգտվել արդար դատաքննության իր սահմանադրական իրավունքից։», — գրել են փաստաբանները։
Հիշեցնենք. Բաթումիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Սախելաշվիլին օգոստոսի 6-ին Մզիա Ամաղլոբելիին դատապարտեց երկու տարի ազատազրկման։ Դատավորը վերաորակեց մեղադրանքի հոդվածը և ազատազրկման պատիժ նշանակեց Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 353-րդ Պրիմա հոդվածի փոխարեն։
Մզիա Ամաղլոբելին մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 353-րդ Պրիմա հոդվածով, որը վերաբերում է ոստիկանի վրա հարձակմանը և նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։
Դատավորը այս հոդվածը վերաորակեց համեմատաբար մեղմ՝ 353-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է հասարակական կարգի պաշտպանի նկատմամբ դիմադրությանը, սպառնալիքին կամ բռնությանը և պատժվում է տուգանքով կամ ազատության սահմանափակմամբ մինչև երեք տարի ժամկետով կամ ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով։
Դատավորի որոշումը դատարանի դիմաց հավաքված լրագրողի աջակիցները դիմավորեցին բողոքի ակցիաներով և որոշումը դատապարտող բացականչություններով։ Եվրոպական Միությունը, ի թիվս բազմաթիվ քաղգործիչների և հասարակության տարբեր անդամների՝ խստորեն դատապարտեց դատավճիռը և կոչ արեց իշխանություններին անհապաղ ազատ արձակել Ամաղլոբելիին։