ՆԱՏՕ-ի նախաձեռնությունների կասեցումը Վրաստանում. փորձագիտական դիտարկումներ

Փորձագետները Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների նվազման դինամիկան կապում են Վրաստանի և Արևմուտքի, նաև ԱՄՆ-ի և ԵՄ երկրների հետ հարաբերությունների վատթարացման հետ:

Ինչպես հայտնի է, ՆԱՏՕ-ն Վրաստանի հետ կապված 17 նախաձեռնություն ունի, որոնցից 5-ը այս պահի դրությամբ կասեցվել են: 

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, անդրադառնալով Վրաստանում ստեղծված իրավիճակին, նշել է, որ դաշինքի անդամ երկրները մտահոգված են Վրաստանի արտաքին քաղաքական ուղու փոփոխությամբ և երկրում վերջին զարգացումներով։ Ըստ նրա, ՆԱՏՕ-ի 17 նախաձեռնություններից 5-ը ներկայումս դադարեցված են, և դաշինքը կոչ է անում Վրաստանին շարունակել ներքին բարեփոխումները և պահպանել ժողովրդավարական արժեքները։

«ՆԱՏՕ-ն նաև հաստատում է իր աջակցությունը Վրաստանի բարեփոխումներին և պաշտպանության ոլորտի փոխակերպման գործընթացին, որի նպատակն է զարգացնել ժամանակակից, լավ պատրաստված և կրթված պաշտպանական ուժեր, որոնք կարող են ապահովել երկրի անվտանգությունը և նպաստել միջազգային խաղաղությանն ու կայունությանը»,- ասել է պաշտոնյան:

Փաստերի ստուգման GeoFacts-ի վերլուծաբան Գիորգի Էլիզբարաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշեց, որ թեև դեռևս դժվար է գնահատել կասեցված նախաձեռնությունների տնտեսական ազդեցությունները և հաշվարկել վնասը, սակայն այն, ինչ տեղի է ունենում, միանշանակ բացասական հետևանքներ կունենա.

«Այն, ինչ տեղի է ունենում, միանշանակ բացասական է, չնայած դեռևս դժվար է գնահատել դրա տնտեսական ազդեցությունները և հաշվարկել վնասը։ Սա Արևմուտքի հետ վատթարացող հարաբերությունների լայն պատկերի մի մասն է»,- ասաց վերլուծաբանը:

Տեղեկության համաձայն՝ ՆԱՏՕ-ն վերոնշյալ փոփոխությունները կատարել է ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի՝ SNGP նախաձեռնություններում։ Ընդհանուր առմամբ 17 նախաձեռնություններից 5-ը ներկայումս կասեցված են. դրանք են՝

  • ռազմավարական հաղորդակցություններ,
  • կիբերանվտանգություն,
  • ճգնաժամային կառավարում,
  • քիմիական-կենսաբանական նախաձեռնություններ,
  • ռադիոլոգիական և ուսումնական հաստատություններ:

Մնացած 12 նախաձեռնություններից 2-ը շարունակվում են որոշակի հարմարեցումներով (հետախուզական տվյալների փոխանակում, անվտանգ կապ և ռազմական ոստիկանություն)։ Եվ 10-ը կշարունակեն անփոփոխ մնալ. դրանք են՝

  1. ՆԱՏՕ-Վրաստանի ուսումնական և գնահատման կենտրոն,
  2. Պաշտպանության ինստիտուտների կառուցման դպրոց,
  3. ՀՕՊ,
  4. ավիացիա,
  5. ռազմական ինժեներիա,
  6. ռազմական բժշկական կարողությունների զարգացում,
  7. ծովային անվտանգություն,
  8. հատուկ գործողությունների ուժեր,
  9. ստանդարտացում և կոդավորում,
  10. անգլերենի կարողությունների զարգացում

ՆԱՏՕ-ի ևս երեք նախաձեռնություններ հաջողությամբ ավարտվել են նախկինում՝ ռազմավարական և գործառնական պլանավորում (2017 թվական), լոգիստիկա ( 2020 թվական) և գնումներ (2023 թվական):

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանը ևս այն համոզմանն է, որ Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների նվազման դինամիկան կապվում են Վրաստանի և Արևմուտքի, նաև ԱՄՆ-ի և ԵՄ երկրների հետ հարաբերությունների վատթարացման հետ:

«Այս փուլում համագործակցության էական մասը կասեցվել է՝ հաշվի առնելով Վրաստանի և Արևմուտքի հետ, այդ թվում` ԱՄՆ-ի և ԵՄ երկրների հետ հարաբերությունների խզումը. իհարկե, սա շատ կարևոր գործոն էր Վրաստանի անվտանգության համար, քանի որ ներառում էր զենքի մատակարարում, նախապատրաստություններ, զորավարժություններ և ընդհանուր առմամբ զինված ուժերի պատրաստում՝ մարտունակությունը բարձրացնելու նպատակով»,-«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ընդգծեց Թումասյանը:

Նրա խոսքով՝ բացասական հետևանքներն արդեն իսկ զգալի են, քանի որ բազմաթիվ հնարավորություններ լրջորեն նվազում են: Վերլուծաբանը նաև ընդգծեց ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերությունները և նոր ընդունված MEGOBARI Act-ը, որը ներառում է ռազմական մատակարարումների և հարաբերությունների վերականգնում, «բայց այս փուլում, այն փաստը, որ այս հարաբերությունները չկան, իհարկե, լուրջ խնդիրներ է ստեղծում Վրաստանի անվտանգության համար»: