Նախագահն ու ընդդիմությունն այսօրվա տոնակատարությանը հրավիրված չեն

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով, «արմատական ​​ընդդիմությունը» և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «անելիք չունեն» ԵՄ թեկնածուի կարգավիճակի ստանալու համար նախատեսված հանդիսավոր միջոցառմանը, առավել ևս՝ «միջոցառման բեմում»: Այս մասին խորհրդարանում ի պատասխան լրատվամիջոցների հարցին, ասել է Իրակլի Կոբախիձեն:

Խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Վրաստանի նախագահը հայտարարել են, որ ներկա կգտնվեն Թբիլիսիի Ազատության հրապարակում նախատեսված միջոցառմանը: Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բոլորին կոչ է արել մասնակցել միջոցառմանը:

«Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-ին, բոլորիդ հրավիրում եմ Ազատության հրապարակ՝ միասին տոնելու մեր երկրի և մեր ժողովրդի այս պատմական հաղթանակը։ Այս օրը պետք է լինի ազգային տոնակատարության և համազգային հաղթանակի օր»,- ասել է վարչապետը:

Զուրաբիշվիլին երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Օրբելիանիի պալատում կարգավիճակի տրամադրման հետ կապված ճեպազրույցում ասել է. «Վարչապետը հայտարարեց, որ վաղը բոլորի համար համազգային տոն է լինելու։ Ես միանում եմ այս տոնակատարությանը: Դուք նույնպես պետք է միանաք։ Եթե ​​ինձ հրավիրեն ամբիոն, լավ, եթե ոչ, ես կլինեմ հանրության շարքերում, միասին կնշենք. սա Վրաստանի ապագայի սկիզբն է»։

Կոբախիձեի խոսքով, «այսօրվա միջոցառումը նվիրված է այն քաղաքացիներին, ովքեր ամեն ինչ արեցին թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Ինչ վերաբերում է արմատական ​​ընդդիմությանը, նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի երկիրը չստանա թեկնածուի կարգավիճակ։ Սալոմե Զուրաբիշվիլին նրանց թվում էր, ովքեր կանգնած էին այս դիվերսիայի առաջնագծում։ Իհարկե, նման մարդիկ որևէ կապ չունեն հանդիսավոր միջոցառման հետ»:

Ի դեպ, իշխող կուսակցության, կառավարության և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի միջև հակամարտությունը ի հայտ եկավ մարտին, երբ Զուրաբիշվիլին խորհրդարանում ելույթի ժամանակ մեղադրեց «Վրացական երազանքին» եվրոպական ուղուց շեղվելու մեջ և ասաց, որ Թբիլիսին կրկնում է Մոսկվայի «մեսիջները»:

Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին որոշում է կայացրել: ԵՄ առաջնորդները որոշել են նաև սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները:

Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու որոշումից հետո Վրաստանի կառավարությունը համերգ է նախատեսում, կառավարության նոյեմբերի 28-ի նիստի մեկնարկից առաջ հայտարարել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Թբիլիսիի քայլերը ԵՄ անդամակցության ճանապարհին. ինչ պետք արվի