ՆԳՆ-ն կարճ հաղորդագրությամբ զգուշացնում է. Կարանտինի կարգը խախտողները կպատժվեն

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը բնակիչներին կարճ հաղորդագրություններ է ուղարկում, որոնցով զգուշացնում է, որ պատիժ է սահմանված արտակարգ իրավիճակում ընդունված ընդհանուր կարգը խախտող քաղաքացիներին: 

Մասնավորապես՝ 112-ը ծառայությունը հիշեցնում է բոլոր օպերատորների բաժանորդներին, որ կարանտինի և ինքնամեկուսացման ռեժիմը խախտող քաղաքացիների համար տուգանքներ են նախատեսվել: Ֆիզիկական անձը, ով կխախտի կարանտինային ռեժիմը, կտուգանվի 3000 լարիի չափով, իավաբանական անձը՝ 15000: Կրկնվելու դեպքում կարգազանցների համար օրենքը մինչև 3 տարի ազատազրկում է նախատեսում:

Նախօրեին, ի դեպ, տուգանման նախադեպ արդեն գրանցվել է Զուգդիդիում, երբ դիմակներ ու ախտահանիչ նյութեր բաժանող ՀԿ-ի ղեկավարին ՆԳՆ-ն 15.000 լարի տուգանք էր նշանակել, քանի որ մի տեղում մեծաթիվ մարդիկ էին հավաքվել, ինչը հակասում է կարանտինի՝ նույն վայրում 10 հոգուց ավելի մարդկանց արգելքին: