Նոյեմբերին ամսական աշխատավարձ ստացողների թիվը նվազել է

Նոյեմբերին ամսական աշխատավարձ ստացողների թիվը նվազել է մինչև 996 հազար 988, նշված է PMC հետազոտական կենտրոնի հրապարակած զբաղվածության մասին զեկույցում։

Կենտրոնի տվյալներով՝ 2025 թվականի նոյեմբերին այն մարդկանց թիվը, որոնք ամենամսյա աշխատավարձ են ստացել, կազմել է 996 հազար 988, ինչը 2025 թվականի հոկտեմբերի հետ համեմատած 0.8%-ով, իսկ 2024 թվականի նոյեմբերի հետ համեմատած՝ 1.0%-ով ցածր է։

Ամենաշատ թվով մարդիկ ստացել են 600-ից մինչև 1200 լարի աշխատավարձ, իսկ ամենաքիչը՝ 9600 լարի կամ ավելի։
Նոյեմբերին, ըստ ամսական աշխատավարձի ծավալի, ստացողների թիվը.

  • 0-ից մինչև 600 լարի աշխատավարձ ստացողները կազմել են ընդհանուր քանակի 12.4%-ը, ինչը 2025 թվականի հոկտեմբերի հետ համեմատած 0.2 տոկոսային կետով ավելացած, իսկ 2024 թվականի նոյեմբերի հետ համեմատած՝ 4.0 տոկոսային կետով նվազած ցուցանիշ է։ Այս ծավալի աշխատավարձ նոյեմբերին ստացել է 119 հազար 638 մարդ։
  • 600-ից մինչև 1199 լարի աշխատավարձ ստացել է 199 հազար 397 անձ, ինչը ընդհանուր թվի 20%-ն է։ Նախորդ ամսվա հետ համեմատած նրանց թիվը աճել է 1 տոկոսային կետով։
  • 1200-ից մինչև 2399 լարի աշխատավարձ նոյեմբերին ստացել է 348 հազար 945 անձ, ինչն ընդհանուր թվի 35%-ն է։ Այս ծավալի աշխատավարձ ստացողների թիվը նախորդ ամսվա հետ համեմատած աճել է 1 տոկոսային կետով։
  • 2400 լարի կամ ավելի ամսական աշխատավարձ ստացել է 329 հազար 6 անձ, ինչը ընդհանուր թվի 33.2%-ն է, որը 2025 թվականի հոկտեմբերի հետ համեմատած 1.1 տոկոսային կետով նվազած, իսկ 2024 թվականի նոյեմբերի հետ համեմատած՝ 4.5 տոկոսային կետով աճած ցուցանիշ է։
  • 9600 լարի կամ ավելի ամսական աշխատավարձ ստացել է 28 հազար 912 անձ, ինչը ընդհանուր ծավալի 2.9%-ն է։