Արևմուտքը բավարար ջանքեր չի գործադրում պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ․ վարչապետ

Մոսկվան և Կիևը պետք է քայլեր ձեռնարկեն Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար, Կատարում ընթացող տնտեսական համաժողովում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ըստ վարչապետի՝ միջազգային հանրությունը բավարար ջանքեր չի գործադրում երկու երկրների միջև խաղաղ բանակցություններ վարելու համար։

Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է՝ ինքը միջազգային հանրության կողմից խաղաղ բանակցությունների հարցով բավարար ջանքեր, պատերազմի ավարտի նշաններ չի տեսնում։ Նրա խոսքով, Չինաստանն այս հարցում խելացի մոտեցում ունի և փորձում է միջնորդ լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։

Ուկրաինայում շարունակվող պատերազմի համատեքստում Ղարիբաշվիլիին հարցրել են նաև Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու մասին։ Մասնավորապես, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չկիրառումը որքանո՞վ է վնասում Վրաստանին՝ հաշվի առնելով, որ երկրի հավակնությունը Եվրամիությանն անդամակցելն է։

Ղարիբաշվիլին ասել է, որ 2008 թվականին՝ Վրաստանի վրա ռուսական հարձակումից հետո, Եվրամիությունը Մոսկվայի դեմ պատժամիջոցներ չի կիրառել՝ ի պաշտպանություն Վրաստանի, Մոսկվայի հետ առևտրային հարաբերություններն էլ չեն խզվել։

«2008-ին մենք պատերազմ ունեցանք, և հիշու՞մ եք որևէ մեկին, ով մեր պատերազմի ժամանակ պատժամիջոցներ սահմանեց, ոչ մեկ: Մեր պատերազմը՝ պատերազմ չէր, իսկ Ուկրաինայում պատերազմը՝ պատերազմ է: Մենք շատ հիասթափված էինք, որ 2008 թվականից հետո Ռուսաստանի հետ սովորականի պես շարունակվում էր բիզնեսը…»,- ասել է Ղարիբաշվիլին։