Վրաստանի կառավարությունը սահմանել է իրավապահ մարմինների համակարգման հարցերով Վրաստանի պետական նախարար Մամուկա Մդինարաձեի լիազորությունները: «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ստորագրությամբ համապատասխան որոշումն արդեն հրապարակվել է:
Ըստ փաստաթղթի՝ այս պաշտոնը ստեղծվել է իրավապահ մարմինների միջև համագործակցության ուժեղացման, համատեղ գործողությունների պլանավորման խթանման, տեղեկատվության փոխանակման ստանդարտների ներդրման և դրանց գործունեության արդյունավետության գնահատման նպատակով:
Համաձայն որոշման՝ պետական նախարարը
• լուծում է իր իրավասության ոլորտին վերաբերող հարցերը,
• ունի պետական գաղտնիքին հասանելիության երաշխավորված իրավունք,
• իրականացնում է Ներքին գործերի նախարարության, Պետական անվտանգության ծառայության և Պետական պահպանության հատուկ ծառայության գործունեության ընդհանուր համակարգումը,
• Կառավարության անունից հաղորդակցվում է դատական իշխանության, Դատախազության և Պետական աուդիտի ծառայության հետ,
• համակարգում է ազգային անվտանգության ոլորտի հայեցակարգային փաստաթղթերի մշակումը և ներքին ու արտաքին սպառնալիքների վերլուծությունը,
• իրականացնում է վերոնշյալ գերատեսչությունների համակարգումը՝ օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի և պետական շահերին սպառնացող ռիսկերի գնահատման նպատակով,
• աջակցում է Վարչապետին ազգային շահերին սպառնացող ճգնաժամային իրավիճակների քաղաքական մակարդակով կառավարման հարցում,
• իրավասու է պետական մարմիններից տեղեկատվություն պահանջել, հրամաններ արձակել և Կառավարության քննարկմանը ներկայացնել իրավական ակտերի նախագծեր,
• մասնակցում է Կառավարության նիստերին:
Պետական նախարարին նշանակում և ազատում է Վրաստանի վարչապետը:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին հայտնի դարձավ Ներքին գործերի նախարարի փոփոխության մասին. Գելա (Գեկա) Գելաձեն տեղափոխվեց Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնին՝ փոխարինելով Մամուկա Մդինարաձեին: Մդինարաձեի համար նոր պաշտոնը Կառավարության կառուցվածքում խորհրդարանը հաստատել էր ապրիլի 29-ին: