Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության պետ է նշանակվել Պետական անվտանգության ծառայության նախկին պետ Մդինարաձեի տեղակալ Լևան Խարաբաձեն։ Տեղեկությունը տարածել է Ֆինանսների նախարարությունը։
«Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին գերատեսչության աշխատակիցներին է ներկայացրել Ֆինանսների նախարարության քննչական ծառայության նոր ղեկավար Լևան Խարաբաձեին։
Մինչ այդ նա զբաղեցնում էր Պետական անվտանգության ծառայության պետի տեղակալի պաշտոնը։
Քննչական ծառայությունում կայացած հանդիպմանը ներկա էին ծառայության նախկին պետ Միխեիլ Մաղլակելիձեն և քննչական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին շնորհավորել է Լևան Խարաբաձեին գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ և հաջողություն մաղթել գործունեության մեջ։ Նախարարը նշել է, որ նոր ղեկավարն իրավապահ մարմիններում աշխատանքի բազմամյա փորձ ունի և լավ է տիրապետում քննչական ծառայության առանձնահատկություններին։ Նա հույս է հայտնել, որ Խարաբաձեի ղեկավարությամբ կշարունակվի ֆինանսատնտեսական հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ակտիվ գործընթացը։
Լևան Խարաբաձեն շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության և աջակցության համար։ Նա ընդգծել է գերատեսչության աշխատակիցների պրոֆեսիոնալիզմն ու բարձր պատասխանատվությունը և նշել, որ ծառայությունը կշարունակի արդյունավետորեն իրականացնել իր վրա դրված գործառույթները։
Նախարարը շնորհակալություն է հայտնել քննչական ծառայության նախկին պետ Միխեիլ Մաղլակելիձեին կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա ղեկավարությամբ զգալիորեն բարելավվել են գերատեսչության աշխատանքի արդյունավետությունը և նյութատեխնիկական հնարավորությունները։ Նա նաև հույս է հայտնել, որ Ֆինանսների նախարարության համակարգի գերատեսչությունների միջև համակարգումը կշարունակվի նաև ապագայում։
Միխեիլ Մաղլակելիձեն շնորհակալություն է հայտնել քննչական ծառայության աշխատակիցներին աջակցության համար, իսկ նոր ղեկավարին հաջողություններ մաղթել»,- ասված է հաղորդագրության մեջ։