Օկուպացիայի մասին օրենքը խախտած ռուս պրոպագանդիստը Վրաստանում է

Ռուս հեռուստահաղորդավարուհի, Ուկրաինայում ռուսական լայնամասշտաբ պատերազմի կողմնակից, PUTIN TEAM կազմակերպության անդամ Քսենյա Բորոդինան Instagram-ում տարածել է Թբիլիսիի տարբեր ռեստորաններում և հյուրանոցներում արված լուսանկարներ։

Սա առաջին անգամը չէ, որ Քսենիա Բորոդինան Վրաստանում է. չնայած այն հանգամանքին, որ նա խախտել է օկուպացիայի մասին օրենքը և միանգամայն բացահայտ այցելել Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված Աբխազիա՝ առանց Վրաստանի կենտրոնական կառավարության թույլտվության, նա ազատորեն մուտք է գործել Վրաստան 2022 թվականի նոյեմբերին ևս։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) մեկնաբանություն չեն արել, թե ինչպես և ինչու է ռուս հայտնի հեռուստահաղորդավարն առանց որևէ խնդրի հատում Վրաստանի սահմանը:

Ուշագրավ է, որ երբ ռուս քարոզիչը Վրաստան է մուտք գործում, կարծես՝ անխոչընդոտ, այդ  ֆոնին տասը եվրոպացի ֆոտոլրագրողների ու լրագրողների վերջին 4 ամսում հետ են դարձրել վրացական օդանավակայաններից՝ նույնիսկ չպարզաբանելով սահմանը հատելու մերժման պատճառը։