Օմբուդսմենը ներկայացրել է Վրաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցը

Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման կոմիտեի նիստում հանրային պաշտպան Լևան Իոսելիանին ներկայացրել է Վրաստանում մարդու իրավունքների և ազատությունների վիճակի վերաբերյալ 2024 թվականի զեկույցի հիմնական արդյունքները։

Օմբուդսմենի գրասենյակի տվյալներով՝ հանրային պաշտպանն ուսումնասիրել է օկուպացված տարածքների կամ օկուպացիոն գծին հարակից բնակիչների իրավունքների վիճակը և տեղահանված անձանց վերաբնակեցման խնդիրները։
Տեղեկության համաձայն՝ նա մանրամասն խոսել է 2024 թվականի բողոքի ցույցերի ընթացքում հայտնաբերված իրավունքների խախտումների մասին, ընդգծել է Վարչական իրավախախտումների օրենսգրքի թերությունները, լրատվամիջոցների և խոսքի ազատությունը սահմանափակող օրենսդրական փոփոխությունները։

Օմբուդսմենը խոսել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների քաղաքացիական ինտեգրման համար իրականացվելիք միջոցառումների, տարբեր խոցելի խմբերի նկատմամբ խտրականության վերացման և հավասարության պաշտպանության հարցերի մասին։

Օմբուդսմենը կենտրոնացել է հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, երեխաների և կանանց իրավունքների վրա, այդ թվում՝ ֆեմիցիդի կանխարգելման, նշված է հրապարակված տեղեկության մեջ։

Վրաստանում մարդու իրավունքների և ազատությունների վիճակի վերաբերյալ 2024 թվականի խորհրդարանական ամբողջական զեկույցը կարելի է գտնել Վրաստանի հանրային պաշտպանի պաշտոնական կայքում: