Օմբուդսմենը Վրաստանի էթնիկ խմբերին համագործակցության կոչ է անում

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանն ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից գործող կրոնների ու էթնիկ փոքրամասնությունների խորհուրդներն արձագանքել են վերսկսած ադրբեջանա-հայկական հակամարտությանը, դիմել են պետական գերատեսչություններին՝ կոչ անելով ակտիվորեն համագործակցել էթնիկ փոքրամասնությունների խմբերի, համայնքային, կրոնական առաջնորդների ու կազմակերպությունների հետ՝ հանդուրժողական միջավայր պահպանելու նպատակով:

Հայտարարության հեղինակները դիմում են նաև քաղաքացիներին՝ հորդորելով  հնարավորինս զերծ մնալ ատելության խոսք կիրառելուց, այդ թվում՝ սոցիալական ցանցերում:

«Վրաստանի քաղաքացիների հայրենիքը Վրաստանն է: Համապատասխանաբար, մենք պարտավոր ենք միմյանց հանդեպ խաղաղություն, համերաշխություն ու աջակցություն ցուցաբերել, նույնը պահանջում ենք իշխանությունից:

Կոչ ենք անում Վրաստանի բոլոր քաղաքացիկնհերին՝ ում համար թանկ է մեր երկրում և տարաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը, հնարավորինս զերծ մնալ էթնո-կրոնական կամ այլ հողի վրա ատելության լեզու կիրառելուց, այդ թվում՝ սոցիալական ցանցերի միջոցով»,- նշում է օմբուդսմենը:

Օմբուդսմենը դիմել է նաև լրատվամիջոցներին, որ հատուկ զգուշությամբ վերաբերվեն այն տիպի տեղեկատվության տարածմանը, ինչը կարող է նպաստել էթնոսների միջև հարաբերությունները սրելուն և խորացնելուն: