Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին այսօր՝ հունվարի 8-ին, կայացած ճեպազրույցի ժամանակ պատասխանել է լրատվամիջոցների հարցերին՝ 66 միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովից ԱՄՆ նախագահի դուրս գալու որոշման հետ կապված։
Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ «Վենետիկի հանձնաժողովն օգտագործվում է որպես զենք երկրների դեմ՝ նրանց վրա տարբեր քաղաքական օրակարգեր, գործիքներ կամ ինստիտուտներ պարտադրելու համար», ինչը, նրա խոսքով օգտագործվել էր նաև Վրաստանի դեպքում, երբ «իրավական եզրակացությունների և կարծիքների փոխարեն» հանձնաժողովը «քաղաքական եզրակացություններ և կարծիքներ» էր հայտնում։
«Մեզ համար՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության, մտահոգիչ է, որ Վենետիկի հանձնաժողովը վերածվել է քաղաքական օրակարգի վրա հիմնված սովորական մեկնաբանի, և այսօր դա հաստատեց Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը հեռացավ կազմակերպությունից այն պատճառով, որ դա անօգուտ, փող վատնող կազմակերպություն է դարձել։ Սա, իհարկե, ամրապնդում է այն առանցքային գաղափարը, որ Վենետիկի հանձնաժողովը կորցրել է իր սկզբնական առաքելությունը, ինչի նպատակով ստեղծվել էր», — ասել է Պապուաշվիլին։