«Հեռարձակման մասին» օրենքում փոփոխություններն ընդունվեցին

Վրաստանի խորհրդարանը 81 ձայնով քվեարկել է «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունների օգտին։

Օրենքի նախագծի հեղինակների կարծիքով՝ փոփոխությունների նպատակը տարբեր հիմքերով ատելության խոսքի տարածումը կանխարգելող արդյունավետ մեխանիզմի ստեղծումն է, ահաբեկչության հրահրում պարունակող ծրագրերին ու գովազդներին արդյունավետ արձագանքելը, գործող օրենսդրությանը չհամապատասխանող հաղորդումների և գովազդի տարածման ռիսկերի ու հետևանքների կանխարգելման արդյունավետ մեխանիզմի ստեղծումը։

«Տեսալսողական մեդիա ծառայությունները չպետք է պարունակեն խտրականություն հաշմանդամություն ունեցող անձի կամ խմբի նկատմամբ, էթնիկ, սոցիալական ծագման, սեռի, գենդերի, ազգության, ռասայի, կրոնի կամ համոզմունքի, սեռական կողմնորոշման, մաշկի գույնի, գենետիկական բնութագրերի, լեզվի, բռնության կամ ատելության հրահրման` քաղաքական կամ ցանկացած այլակարծության, ազգային փոքրամասնության անդամակցության, ունեցվածքի, ծննդյան կամ տարիքի վրա։ Արգելվում են նաև ահաբեկչության դրդելու կոչերը», — նշված է պարզաբանման մեջ։

«Լրատվամիջոցների շահերի պաշտպանության կոալիցիայի» գնահատմամբ՝ նշված օրենքը ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու գործընթացն իրականացվել է հապճեպ՝ առանց ոլորտում ներգրավված մարդկանց կարծիքները հաշվի առնելու և ռիսկերը գնահատելու, ինչը վտանգ է ներկայացնում երկրում առանց դրա էլ լրատվական սրված միջավայրի առավել վատթարացման առումով։