Ավանակի և ձիու միսը տավարի մսի անվան տակ վաճառելու դեպք է բացահայտվել

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, խմբի կողմից հաճախորդին նախնական պայմանավորվածությամբ խաբելու փաստով ձերբակալել են երկու անձի։

Ըստ քննչական ծառայության տարածած հաղորդագրության՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները Թեթրիծկղարոյի մունիցիպալիտետում գտնվող բնակելի տներից մեկում ապօրինի կենդանիների սպանդանոց են ստեղծել, որտեղ անտեսելով բոլոր անասնաբուժասանիտարական ընթացակարգերը՝ մշակել են ձիու և ավանակի միս, որը տավարի մսի տեսքով վաճառել են Թբիլիսիի շուկաներից մեկում գտնվող առևտրային օբյեկտին:

Տվյալների համաձայն, ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում առևտրի օբյեկտից և սպանդանոցից հանվել է վաճառքի համար պատրաստված մեծ քանակությամբ ձիու միս և մի քանի տասնյակ ձի, որոնք նախատեսվում էր մորթել և վաճառել մինչև Ամանոր:

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 198-րդ, 362-րդ և 219-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են ազատազրկում 5-ից 8 տարի ժամկետով։