«Պաշտպանիր կրթությունը». Թբիլիսիում բողոքի երթ է ընթանում

«Պաշտպանիր կրթությունը», «Ազատություն ռեժիմի բանտարկյալներին». Թբիլիսիում՝ Ֆիլհարմոնիայի շենքի մոտ, մեկնարկել է բողոքի երթ։

Եվրոպամետ բողոքի ցույցերի 437-րդ օրը երթի մասնակիցները ևս մեկ անգամ դեմ են արտահայտվում կրթական համակարգում նախատեսվող փոփոխություններին։ Մարդկանց բազմության պատճառով ցուցարարները տեղաշարժվում են նաև ճանապարհի երթևեկելի հատվածով։

Հիշեցնենք, հունվարի 29-ին հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ի բարձրագույն կրթության բարեփոխումների շրջանակում Թբիլիսիի պետական համալսարանը (ԹՊՀ) և Վրաստանի տեխնիկական համալսարանը կմիավորվեն։

Ակադեմիական անձնակազմն ու ուսանողները նախատեսվող փոփոխության մասին տեղեկացել են Գիվի Միքանաձեի ճեպազրույցից։ Միացյալ ուսումնական հաստատությունը կոչվելու է ԹՊՀ և պահպանելու է Իվանե Ջավախիշվիլիի անունը։ Հունվարի 29-ից պրոֆեսորադասախոսական կազմի մի մասը և ուսանողները բողոքի ակցիաներ են իրականացնում։

Կրթության փորձագետների մի մասը պնդում է, որ չեն տեսել աշխատաշուկայի հետազոտության այն հաշվետվությունը, որի հիման վրա Կրթության նախարարությունը հիմնավորում է երկու պետական համալսարանների միավորման որոշումը։ «Վրացական երազանք»-ի համալսարանական կրթության բարեփոխումը ներառում է ֆակուլտետների կրճատում՝ «Մեկ քաղաք, մեկ ֆակուլտետ» սկզբունքով։