ՊԱԾ-ի կողմից անձանց գաղտնալսման հարցով քաղհասարակությունը հայտարարություն է տարածել

«Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) գործունեության վերաբերյալ «Մթավարի Արխի» կողմից հրապարակած նյութը ևս մեկ անգամ ցույց է տալիս երկրում զանգվածային վերահսկողության և մարդու իրավունքների ոտնահարման ամենածանր պրակտիկան». այս մասին ասված է Վրաստանի հասարակական կազմակերպությունների կողմից տարածված հայտարարության մեջ:

Նշենք, որ Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի Արխի»-ի հեռուստաալիքի ղեկավար Նիկա Գվարամիան կիրակի երեկոյան հայտարարեց, թե Վրաստանի հատուկ ծառայությունները գաղտնալսում են քաղաքական դաշտի, քաղաքացիական հասարակության և եկեղեցու հարյուրավոր ազդեցիկ ներկայացուցիչների, ինչպես նաև լրագրողների անձնական խոսակցություններն ու հեռախոսազրույցները՝ ստացված տվյալները փոխանցելով երկրի ստվերային ղեկավարին՝ նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին: Գվարամիան շուրջ 40 րոպե ուղիղ եթերում ընթերցել է գաղտնալսումների սղագրություններ, որոնք վերաբերել են պատգամավորների սեռական կապերին, նրանց անձնական կյանքին, լրագրողների հետ կապերին, հեռախոսազրույցներին:

Քաղհասարակության տարածած հայտարարության համաձայն, սկանդալային տեղեկատվությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Վրաստանում որևէ մեկը պաշտպանված չէ ՊԱԾ- ի վերահսկողությունից և հետապնդումից:

Հայտարարության տակ ստորագրած կազմակերպությունները կոչ են անում Վրաստանի դատախազությանը՝ անհապաղ հետաքննություն սկսել լայնածավալ գաղտնի հետապնդման հետ կապված բոլոր պոտենցիալ մեղավորներին բացահայտելու նպատակով:

«Մթավարի Արխի» հեռուստաալիքն օրերս հրապարակեց Պետական ​​անվտանգության ծառայության 2020 թվականի գործունեության վերաբերյալ նյութեր, որոնք ամրապնդեցին հանրության կասկածներն անօրինական միջամտության ու վերահսկողության խիստ պրակտիկայի առկայության, մասնավորապես ՝  անօրինական հսկողության, գաղտնալսման ու հետապնդման հետ կապված: Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ երկրում որևէ մեկը պաշտպանված չէ ՊԱԾ- ի վերահսկողությունից, այդ թվում ՝ հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչները, քաղաքական գործիչները»:

Հայտարարության նախաձեռնողները կոչ են անում.

Վրաստանի դատախազությանը՝

անմիջապես հետաքննություն սկսել՝ լայնածավալ գաղտնի հետապնդման հետ կապված  պոտենցիալ մեղավորին բացահայտելու նպատակով.

Վրաստանի խորհրդարանին՝

Ստանձնել ՊԱԾ-ի վերահսկողության պատասխանատվությունը և սկսել անվտանգության ոլորտի հիմնարար բարեփոխումների քննարկումներ. վերջինը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա պայմաններում և առկա քաղաքական համատեքստում հասարակությունը վստահություն ու ակնկալիք չունի, որ պետությունը պատշաճ և օբյեկտիվորեն հետաքննելու է լիազորության չարաշահման բոլոր հնարավոր դեպքերը.

Վրաստանի սահմանադրական դատարանին՝

Առանց դատավորի թույլտվության էլեկտրոնային հսկողություն և գաղտնի լուսանկարներ / տեսանյութեր / աուդիոձայնագրություններ իրականացնելու սահմանադրականության վերաբերյալ 2015 թվականին Սոցիալական արդարության կենտրոնի կողմից ներկայացված սահմանադրական բողոքի վերանայում», — ասված է հաղորդագրության մեջ:

Հատկանշական է, որ թեև ձայնագրությունների իսկությունն արդեն հասցրել է հերքել Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին, սակայն Գվարամիայի ներկայացրած գաղտնալսումների հերոսներից մի քանիսն արդեն իսկ հաստատել են հեռախոսազրույցների իսկությունը։ Հեռախոսազրույցների իրական լինելու մասին մասնավորաբար հայտարարել են Transparency International-Georgia կազմակերպության ղեկավար Գիորգի Օնիանին, Սոցիալական արդարության կենտրոնի ղեկավար Գուրամ Իմնաձեն և «Վրացական ժողովրդավարական նախաձեռնություններ» հասարակական կազմակերպության ղեկավար Գիորգի Մշվենիերաձեն։ «Ազատություն» ռադիոկայանի վրաստանյան գրասենյակի լրագրողն էլ հաստատել է հեռախոսազրույցի իսկությունը քաղաքական գործչի հետ, որի ընթացքում քննարկել են, թե որոշակի տեղեկություն պարունակող հարցազրույցն ինչպես պետք է իրականացվի: