Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի զարմիկին՝ Անդրիա Լիլուաշվիլիին դատապարտել են 12 տարի ազատազրկման։
Պարզվում է` նրանից բռնագրավել են մոտ 35 միլիոն լարի արժողությամբ 70 միավոր անշարժ գույք, 17 միավոր տրանսպորտային միջոց և այլն։
Դատախազության հաղորդմամբ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանը «ամբողջությամբ ընդունել է» իրենց ներկայացրած ապացույցները և Անդրիա Լիլուաշվիլիին մեղավոր է ճանաչել։
Նրան մեղավոր են ճանաչել «Գրիգոլ Լիլուաշվիլիին կաշառք տալու, կաշառք ստանալուն օժանդակելու, նաև առանձնապես խոշոր չափերով ապօրինի եկամուտների օրինականացման (փողերի լվացման) համար»։
«Անդրիա Լիլուաշվիլին ներգրավված է եղել խարդախ քոլ-կենտրոնների հանցավոր գործունեության մեջ, որոնց հովանավորությունն ապահովում էր իր ազգականի՝ Պետական անվտանգության ծառայության ղեկավարի միջոցով»,- հայտնել է դատախազությունը։
Սրա դիմաց, ըստ մեղադրանքի, Գրիգոլ Լիլուաշվիլին «ամենամսյա խոշոր շահույթ էր ստանում»։
«2021-2022 թվականներին խարդախ քոլ-կենտրոնների հովանավորության դիմաց Գրիգոլ Լիլուաշվիլին Անդրիա Լիլուաշվիլիի միջոցով 1 մլն 365 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ստացել»։