ԱՄՆ սենատորն ու կոնգրեսականը դատապարտել են Վախո Սանաիայի կալանավորումը

Ամերիկացի սենատոր Ջին Շահինը (Դեմոկրատական կուսակցություն) և կոնգրեսական Ջո Ուիլսոնը (Հանրապետական կուսակցություն) դատապարտել են «Ֆորմուլա» հեռուստաընկերության հաղորդավար և լրագրող Վախո Սանաիայի հապճեպ կալանավորումը։

Ջին Շահինը հուլիսի 23-ին X-ում գրել է, որ «արտահայտվելու ազատությունը գործող ժողովրդավարության հիմքն է»․

«Վրաստանի կառավարության ատելությունը այլախոհության հանդեպ նրա ժողովրդավարական հետընթացի ևս մեկ վկայություն է։ Կոչ եմ անում Վրաստանի կառավարությանը ազատ արձակել Վախո Սանաիային և տասնյակ քաղաքական բանտարկյալների»,- գրել է նա։

Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնն էլ X-ում գրել է․

««Վրացական երազանք»-ի հակաամերիկյան ռեժիմը շարունակում է սրել հարձակումը խոսքի ազատության վրա։ Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել Վախո Սանաիային և բոլոր քաղաքական բանտարկյալներին»։

«Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրող Վախո Սանաիային հուլիսի 22-ին 14-օրյա վարչական կալանք է սահմանել Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Զվիադ Ցեկվավան։

Դատավորը Վախո Սանաիային իրավախախտ է ճանաչել խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի և պատգամավոր Վլադիմիր Բոժաձեի վերաբերյալ սոցիալական ցանցում գրված հրապարակման համար։

Սանաիայի երկու շաբաթով կալանավորմանը նախորդել էր նրան տուգանելը։ Հուլիսի 10-ին դատավոր Թոռնիկե Քոչքիանը Վախո Սանաիային տուգանել էր 6000 լարիով՝ Facebook-ում հրապարակված նույն տեքստի համար։