Ջրի խնդիրը Չանախչիում. բնակիչներն ահազանգում են

Վրաստանի Մառնեուլիի շրջանի Չանախչի գյուղի բնակիչներն արդեն շուրջ երկու ամիս է, ինչ կանգնած են խնդրի առաջ. գյուղում խմելու ջուր չկա։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ին հարցը բարձրաձայնելու վերաբերյալ դիմել են գյուղի բնակիչները։

Բնակիչներն ասել են, որ այս իրավիճակը պարբերական բնույթ է կրում, և իրենք ժամանակ առ ժամանակ ստիպված են լինում պայքարել ջրի բացակայության դեմ։

Գյուղացիները հիմնականում օգտվում են գյուղամիջի ջրից, սակայն դրա պաշարները սպառվում են և չեն բավականացնում նույնիսկ կենցաղային նվազագույն կարիքները հոգալու համար։ Ըստ գյուղացիների՝ խնդիրն անմասն չի թողել նաև կրթական հաստատությանը. ջուրը չի հերիքում դպրոցին, ինչը բարդացնում է սանիտարահիգիենիկ պայմանների պահպանումը։ Բացի քանակից, բնակիչներն ահազանգում են նաև որակի մասին՝ փաստելով, որ վերջին շրջանում ջուրը պղտորվել է և հնարավոր չէ խմել։

Չնայած ստեղծված իրավիճակին և բնակիչների բազմաթիվ դիմումներին՝ խնդիրը մնում է օդից կախված։ Գյուղացիների հավաստմամբ՝ իրենք բազմիցս կապ են հաստատել պատասխանատուների հետ և բարձրաձայնել հարցը, սակայն մինչ օրս ոչ ոք պատշաճ ուշադրություն չի դարձրել իրենց բողոքներին, և որևէ գործնական քայլ չի ձեռնարկվել ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

«Մեկ անգամ են այս ընթացքում եկել խնդիրը ուսումնասիրելու, ասել են, որ տեխնիկապես անսարք հատվածները պատվիրված են, բայց մինչև այսօր տեղ չի հասել։ Գուղացիներից մի քանիսը զանգահարել են տեղեկություն ստանալու համար, բայց ոչ մի նորություն չկա։ Խնդրի լուծումը գյուղացիների ձեռքում չէ, պատշաճ ուշադրություն է պետք դարձնել գյուղին»,-«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց Չանախչի գյուղի բնակիչներից մեկը։ 

Հիշեցնենք, որ անցյալ տարեսկզբին գյուղում կրկին ջրի խնդիր կար. այդ ժամանակ անսարք էր ջրատարը, գյուղացիները կրկին շաբաթներ շարունակ անջուր էին մնացել։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը պատկան մարմիններից կստանա համապատասխան տեղեկությունը և առաջիկայում կանդրադառնա խնդրին և դրա լուծմանը։