Պատժամիջոցներ են պահանջել Իվանիշվիլիի և ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Ապրիլի 23-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում, որտեղ քննարկվում էր Վրաստանի խորհրդարան ներկայացված «գործակալների օրենքը», Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանքօ կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։

Եվրախորհրդարանի պատգամավոր Պետրաս Աուստրևիչուսը Եվրահանձնաժողովին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել ՆԳՆ հատուկ առաջադրանքների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի և Թբիլիսիի պարեկային ոստիկանության բաժնի պետ Վաժա Սիրաձեի նկատմամբ՝ «գործակալների օրենքի» դեմ ընթացող ցույցերի ժամանակ ցուցարարների դեմ բռնի գործողություններ կազմակերպելու համար:

«Ես կոչ եմ անում Եվրամիության ինստիտուտներին անձնական պատժամիջոցներ կիրառել Վրաստանի քաղաքացիների դեմ (Զվիադ Խարազիշվիլիի և Վաժա Սիրաձեի), որոնք խաթարում են ժողովրդավարական գործընթացները և ճնշում են խաղաղ ցույցերը», — ասել է Ավստրևիչուսը:

Եվրախորհրդարանի մեկ այլ պատգամավոր` Մարկետա Գրեգորովան, հիշատակել է Խարազիշվիլիին. «Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո կառավարությունը դրժել է իր խոստումը և փորձում է օրենքն ուժով ընդունել։ ԼԳԲՏ անձանց իրավունքները ճնշելու ծրագրեր ունեն: Ցուցարարները ենթարկվում են բռնաճնշումների, այս անգամ՝ Զվիադ Խարազիշվիլիի հրահանգով»։

Ուշագրավ է, որ Եվրախորհրդարանը քննարկում է, թե ինչ միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Վրաստանում քննարկվող «գործակալների օրենքի»: Այդ թվում՝ քննարկվում են հետևյալ հարցերը. «Պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի և օրենքին աջակցող խորհրդարանականների նկատմամբ, վերանայել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը, դադարեցնել Եվրամիության ֆինանսական օգնությունը»::

Եվրախորհրդարանը բանաձևի քվեարկությունը նախատեսում է հինգշաբթի՝ ապրիլի 25-ին։

Նշենք, որ այլ պատգամավորներ ևս խոսել են Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին, այդ թվում՝ Անա Ֆոտիգան և Մայքլ Գալլերը։

Նույն նիստում Եվրախորհրդարանի պատգամավորներից մի քանիսը, այդ թվում՝ Միրիամ Լեքսմանը, Անա Ֆոտիգան և Միքայելա Գալլերը, պահանջել են բանտից ազատ արձակել երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։