Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հանդիպել է ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլիին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Դրամաշնորհների մասին» օրենքում և դրան առնչվող օրենսդրական ակտերում վերջերս ներկայացված փոփոխությունների փաթեթը։
«Հանդիպման նպատակն էր արտահայտել ԵՄ-ի լուրջ մտահոգությունները «Դրամաշնորհների մասին» օրենքում և դրան առնչվող օրենսդրական ակտերում վերջերս ներկայացված փոփոխությունների փաթեթի վերաբերյալ։ Առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխությունների այս տեսքով հաստատումը ևս մեկ էական սպառնալիք կներկայացնի Վրաստանում քաղաքացիական տարածքին և քաղաքական գործունեությանը մասնակցությանը։
Դեսպանը շեշտել է, որ նման միջոցառումներն անհամատեղելի են Վրաստանի ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների հետ և հակասում են այն պարտավորություններին, որոնք Վրաստանը ստանձնել է որպես ԵՄ անդամակցության թեկնածու երկիր։
ԵՄ դեսպանը նշել է, որ հաստատման դեպքում փոփոխությունները կարող են ուղղակիորեն և բացասաբար ազդել Վրաստանում գործող դիվանագիտական առաքելությունների աշխատանքի վրա, ինչը հակասում է Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթներին և սկզբունքներին։
Վրացական կողմը բարձրացրել է ԵՄ պատժամիջոցների հարցը։ ԵՄ դեսպանի խոսքով՝ փետրվարի 6-ին Եվրահանձնաժողովի առաջարկած Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի նախագիծը՝ Պատժամիջոցների 20-րդ փաթեթը, ներկայումս քննարկում են ԵՄ անդամ պետությունները»։ Կողմերը համաձայնել են շարունակել շփումները զարգացումների վերաբերյալ», — ասված է հաղորդագրության մեջ։