Փոփոխություններ «Դրամաշնորհների մասին» օրենքում. ինչ է պետք իմանալ

«Վրացական երազանք»-ը փոփոխություններ է ներկայացրել «Դրամաշնորհների մասին» օրենքում։ Օրենքի նախագիծը կքննարկվի և կընդունվի արագացված կարգով։ Նախագծի համաձայն՝ 10-օրյա ժամկետ կսահմանվի, որպեսզի կառավարությունը հայտարարի դրամաշնորհի տրամադրման կարգին իր համաձայնության մասին։

Նույն նախագծով Հակակոռուպցիոն բյուրոն վերահսկելու է արգելված դրամաշնորհների տրամադրումն ու ստացումը։ Արգելված դրամաշնորհ ստանալու դեպքում դրամաշնորհառուն կտուգանվի նշված դրամաշնորհի կրկնակիի չափով:

Ինչ է նախատեսվում

«Դրամաշնորհների մասին» օրենքում ավելացվել է չորս հոդված.

  • Դրամաշնորհ տրամադրելու համար պահանջվում է կառավարության կամ կառավարության նշանակած լիազորված անձի/կազմակերպության հաստատումը;
  • Պատասխանելու համար սահմանվել է 10-օրյա ժամկետ;
  • Բողոքը չի կասեցնում կառավարության որոշումը;
  • Արգելվում է ընդունել առանց համաձայնության տրված դրամաշնորհ;
  • Հավանություն ստանալու համար դրամաշնորհառուն պետք է կառավարությանը ներկայացնի դրամաշնորհառուի և ստացողների միջև համաձայնագրի նախագիծ (որը նախանշում է բոլոր մանրամասները՝ ներառյալ ժամկետները և նպատակները),
  • Հակակոռուպցիոն բյուրոյին հանձնարարվել է վերահսկել չարտոնված դրամաշնորհների տրամադրումը և ստացումը.

Այս կանոնները կիրառվում են բոլոր դրամաշնորհ ստացողների նկատմամբ, մի քանի բացառություններով. դրանք են՝

միջազգային սպորտային ասոցիացիաները, ֆեդերացիաները և կոմիտեները, անհատական ​​կրթաթոշակներն արտասահմանում կրթության և գիտական ​​աշխատանքի համար, Վրաստանում գործող միջազգային կազմակերպությունները:

Ինչ կարող է անել Հակակոռուպցիոն բյուրոն.

Հակակոռուպցիոն բյուրոն իրավասու է՝

  1. Պահանջել ֆինանսական հաշվետվություն, եթե կա օրենքի խախտման «հիմնավոր կասկած»;
  2. Հարցազրույց ֆիզիկական անձի հետ, «ով կարող է ունենալ Հակակոռուպցիոն բյուրոյի համար անհրաժեշտ տեղեկություն՝ արգելված դրամաշնորհի ստացումը վերահսկելու համար»;
  3. Պահանջել «անհրաժեշտ տեղեկություն», ներառյալ անձնական տվյալների հատուկ կատեգորիաները հանրային հաստատությունից, ֆիզիկական անձից, իրավաբանական անձից կամ «այլ անձից»:

Օրենքի նախագծում նշված է, որ Հակակոռուպցիոն բյուրոն դատարանի որոշման հիման վրա պահանջելու է տեղեկություն, որը «հանրային տեղեկություն չէ»։ Բոլոր այն սուբյեկտները, որոնցից Հակակոռուպցիոն բյուրոն պահանջում է ներկայացնել այդ տեղեկությունը, պարտավոր են տրամադրել։

Օրենքի նախագծով հարցաքննվողն իրավունք ունի իր հաշվին օգտվելու փաստաբանի ծառայություններից և իր և/կամ մերձավոր ազգականի դեմ տեղեկություն չտրամադրել։ 

Նախատեսվում են բռնագանձումներ, տուգանքներ, պատժամիջոցներ

Չլիազորված դրամաշնորհի համար տուգանք է կիրառվում դրամաշնորհառուի նկատմամբ՝ «դրամաշնորհի գումարի կրկնակի չափով»։
Հակակոռուպցիոն բյուրոյի կողմից հարցաքննված կամ դատարանում հարցաքննվող անձը կտուգանվի 2000 լարիի չափով՝ «կեղծ տեղեկություններ տրամադրելու համար».

Հակակոռուպցիոն բյուրոյի լիազորված անձը կազմում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, և այդ արձանագրությունը «անմիջապես ուղարկվում է շրջանային (քաղաքային) դատարան՝ քննարկման»։

  • Հակակոռուպցիոն բյուրոն կարող է արձանագրություն կազմելու հետ մեկտեղ արգելանք դնել իրավախախտի գույքի վրա (այդ թվում՝ բանկային հաշիվների վրա)՝ «համապատասխան իրավախախտման համար նախատեսված պատժաչափին համամասնորեն»;
  • «Արգելանքն ուժի մեջ է մտնում անմիջապես» և արձանագրության հետ միասին ներկայացվում է դատարան;
  • Շրջանային (քաղաքային) դատարանը որոշում կայացնելու համար ունի 15 օր.
    15-օրյա ժամկետ է սահմանված նաեւ Վերաքննիչ դատարանի համար, որի որոշումը վերջնական է և այլևս բողոքարկման ենթակա չէ;
  • Նախընտրական շրջանում ժամկետները զգալիորեն կրճատվում են;
  • Երկու ատյանների դատարաններն ունեն առավելագույնը 48 ժամ՝ առգրավման հարցը քննարկելու համար;
  • Բողոքարկումը չի կասեցնում կալանքը։

Ինչպիսի հետևանքներ կլինեն

Փորձագետների կարծիքով՝ օրենսդրական նոր փոփոխությունները, հասարակական սեկտորի հետ մեկտեղ, ուղղված են նաև անկախ լրատվամիջոցների դեմ, քանի որ միջազգային դրամաշնորհները հաճախ լրատվամիջոցների գործունեության հիմնական միջոցն են։ Քաղաքացիական հատվածի տվյալներով՝ փոփոխությունների հետևանքով Վրաստանի բարեկամ երկրներին և միջազգային կազմակերպություններին կարգելվի աջակցություն ցուցաբերել Վրաստանի քաղաքացիներին՝ առանց Վրաստանի կառավարության համաձայնության։

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշեց, որ «Դրամաշնորհների մասին» նոր նախագիծը ևս մեկ քայլ է դեպի Վրաստանի միջազգային մեկուսացում:

«Օրենքի նախագիծը երկիրը տանում է դեպի միջազգային մեկուսացում և մոտեցնում է Վրաստանը Հյուսիսային Կորեային, Ադրբեջանին, Թուրքմենստանին, Ռուսաստանին և ԲԵլառուսին: Սա վտանգ է ներկայացնում ոչ միայն հասարակության ներկայացուցիչների, ազատ քաղաքացիական սեկտորի, ԶԼՄ-ների համար, այլև ընդհանրապես Վրաստանի միջազգային գործընկներների հետ կապերի, սա մեկուսացման և Հյուսիսային կորեաիզացման ուղի է»,- ընդգծեց Թումասյանը: 

Նրա խոսքով՝ սա շատ վտանագավոր է, նաև վկայում է, որ Վրաստանում ծանր հետևանքներ ենթադրող զարգացումներ են սպասվում:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նշել են, որ օրենքը նպատակ ունի Վրաստանը վերածելու փակ, մեկուսացված պետության։ Նրանց գնահատմամբ՝ օրենքը նպատակ ունի խաթարելու նաև լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության գործունեությունը։

«Բաց հասարակության հիմնադրամ»-ի իրավաբան Սաբա Բրաճվելին Facebook-ում գրել է, որ «Դրամաշնորհների մասին» օրենքի նախատեսվող փոփոխությունները դիտվում է որպես դոնորների սահմանափակում։

«Օրինակ՝ մինչ այժմ ցանկացած իրավական խնդրի համար կարող էիր դիմել ցանկացած հասարակական կազմակերպության, որտեղ մասնագետներն անվճար կուղղորդեին քեզ, հայց կգրեին քո փոխարեն, գուցե նույնիսկ դատարանում պաշտպանեին քո շահերը։
Իսկ այսկերպ «Վրացական երազանք»-ը կարգելափակի բոլոր «անբարենպաստ» կազմակերպությունների ֆինանսավորումը, որոնք աշխատում են մարդու իրավունքների համար, կոռուպցիայի դեմ կամ այլ բարեգործությունների ուղղությամբ»,- գրել է Բրաճվելին:

Իրավաբանը այս համատեքստում հիշատակում է նաև անկախ լրատվամիջոցների ֆինանսավորումը՝ հավելելով. «Ամենուր, որտեղ դրամաշնորհներ տրվեն, տոտալ գրաքննություն է կիրառվելու։ Սա է այս փոփոխության էությունը՝ վրաց ժողովրդի համար արգելող զտիչի սահմանումը, թե ինչ անվճար օգնություն կարող է ստանալ ժողովուրդը, ումից և ինչ պայմաններում»:

«Քաղաքացիական գաղափարի» ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ նախաձեռնված փոփոխությունները «համընկնում են ադրբեջանական և թուրքմենական օրենքներին», և որ, օրինակ, Ադրբեջանում նմանատիպ օրենքը ծառայել է «քաղաքացիական տարածքի սահմանափակմանը, ինչը ստիպել է քաղաքացիական ակտիվիստների ճնշող մեծամասնությանը և փորձագիտական ​​հանրությանը լքել երկիրը»։

Ըստ «Վրացական երազանք»-ի` նոր օրենսդրական նախաձեռնությունը, այսպես կոչված, «սև փողերի» վտանգների կանխարգելումն է ապահովում։ Ըստ նրանց՝ թափանցիկ դրամաշնորհների նպատակների ուսումնասիրությունը առողջ քաղաքացիական հասարակության ձևավորման նախապայման է։

Դրամաշնորհ ստանալու համար կպահանջվի կառավարության համաձայնությունը