Վրաստանի Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ է ընտրվել Ռևազ Նադարաիան. նրա ընտրվելու մասին տեղեկությունը տարածել է դատարանի մամուլի ծառայությունը:
Մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ նախագահն ընտրվել է փակ նիստում, գաղտնի քվեարկությամբ, ուստի հայտնի չէ, թե քանի դատավոր է աջակցել նրա թեկնածությանը:
9 հոգանոց դատարանում երեք դատավորի նշանակում է երկրի նախագահը, երեքին՝ Գերագույն դատարանը, երեքին՝ խորհրդարանը: Նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով, իսկ դատավորների պաշտոնավարման ժամկետը 10 տարի է։
Ինչպես Ռևազ Նադարաիան հայտնվեց ՍԴ-ում
Նադարաիան ապրիլի 8-ից սահմանադրական դատարանի դատավոր է։
- Նա ընդգրկվել է 9 հոգանոց պլենումում Գերագույն դատարանի քվոտայով այն բանից հետո, երբ Խվիչա Կիկիլաշվիլին մարտի 28-ին՝ իր լիազորությունների ավարտից 5 տարի առաջ, հրաժարական տվեց:.
- Ուղիղ երկու օրից՝ մարտի 30-ին, լրացավ ՍԴ գործող նախագահ Մերաբ Տուրավայի 10-ամյա ժամկետը։
Խորհրդարանի քվոտայով ՍԴ-ում ընտրված Տուրավային փոխարինող ընտրելու համար խորհրդարանին անհրաժեշտ էր ընդհանուր անդամների 3/5-ը կամ 90 ձայն, որը չունի «Վրացական երազանք»-ը, իսկ Կիկիլաշվիլիին փոխարինող Նադարաիային ընտրել էին Գերագույն դատարանի դատավորները։
Նադարաիայից բացի, ՍԴ-ում կա ևս 7 դատավոր՝ Մանանա Կոբախիձեն, Էվա Գոցիրիձեն, Իրինե Իմերլիշվիլին, Գիորգի Թևդորաշվիլին, Վասիլ Ռոինիշվիլին, Գիորգի Կվերենչխիլաձեն և Թեիմուրազ Տուղուշին։
Դատարանը վճռորոշ օղակ է իշխանության թևերի միջև հավասարակշռությունը պահպանելու համար. վերջինս կարող է չեղյալ համարել սահմանադրությանը հակասող ցանկացած օրենք, և հենց դրա միջոցով են իմպիչմենթի ենթարկում երկրի նախագահին, վարչապետին կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների:
Ռևազ Նադարաիայի կարիերան
Նադարաիան իր դատական գործունեությունը սկսել է նախորդ իշխանության օրոք («Միացյալ ազգային շարժում»)։ 2009-2010 թվականներին եղել է Չխորոցկղուի շրջանային դատարանի դատավոր, միաժամանակ գործուղվել է Փոթիի քաղաքային դատարան։ Հետագա տարիներին նա շարունակել է աշխատել այդ դատարանում։
- 2010-2016 թվականներին եղել է Փոթիի քաղաքային դատարանի դատավոր,
- 2012-2016 թվականներին եղել է Փոթիի քաղաքային դատարանի նախագահ,
- 2016 թվականի փետրվարից եղել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր,
- 2016-2017 թվականներին եղել է Թբիլիսիի քաղաքային դատարանի քննչական և մինչդատական նիստերի կոլեգիայի նախագահ,
- 2017-2018 թվականներին եղել է Թբիլիսիի վերաքննիչ դատարանի քրեական պալատի դատավոր,
- 2018-2021 թվականներին եղել է Թբիլիսիի վերաքննիչ դատարանի քաղաքացիական գործերով պալատի դատավոր,
- 2017-2020 թվականներին եղել է Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ,
- 2019 թվականի հոկտեմբերից դատախազական խորհրդի անդամ է,
- 2021 թվականի հուլիսից մինչև 2025 թվականի մարտը՝ Գերագույն դատարանի ցմահ դատավոր։