Ռուս գործարարների հետ առնչվող Север-ը Աջարիայում հաղթում է առանց մրցակցության

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) փոխանցմամբ՝ Աջարիայի մունիցիպալիտետներում անօթևան կենդանիների խնամքի և աղբավայրի շահագործման հետ կապված մրցույթներում առանց մրցակցության հաղթում է ռուսաստանցի գործարարների հետ կապված Север ընկերությունը:

Ըստ TI-ի՝ Север-ը 2013 թվականից ի վեր ընդհանուր առմամբ ստացել է 4 մլն 979 հազար 714 լարի։ ՀԿ-ի տվյալներով, ստացած գումարի ավելի քան 99 տոկոսը ստացվել է պարզեցված գնումների, ոչ մրցակցային մրցույթների կամ այլ հայտատուների որակազրկման հաշվին։

«2013 թվականից առ այսօր Север-ը մասնակցել է 73 պետական ​​գնումների, որոնցից 69-ը շահել է. 63-ը՝ առանց մրցույթի, 6-ը՝ մրցակցին որակազրկելու հաշվին։ Ընդհանուր առմամբ ստացել է 4 մլն 816 հազար 286 լարի»,- նշել էն ՀԿ-ից:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի տեղեկության մեջ նշվում է՝ Север ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի փետրվարին Վրաստանի քաղաքացի Սուլեյման Փարաջևի և Ուկրաինայի քաղաքացի Կիրիլո Նովակի կողմից, նույն տարվա նոյեմբերին ընկերության 30-30 տոկոս բաժնեմասը ձեռք են բերել Ռուսաստանի քաղաքացիներ Անդրեյ Բալաշովը և Իլդար Նևերովը։

Կազմակերպության տեղեկատվության համաձայն, 2012 թվականին ընկերության տնօրենը եղել է Ռուսաստանի քաղաքացի Վալերի Լիտվինենկոն, այնուհետև՝ Էստոնիայի քաղաքացի Ալիաս Գունարին, իսկ վերջում՝ 2022 թվականի նոյեմբերի փոփոխություններով ընկերության տնօրեն է դարձել Ջեմալ Գոգիտիձեն։ Այնուհետև Իլդար Նևերովն իր բաժնեմասը հանձնել է Անդրեյ Բալաշովին, ում այսօր պատկանում է ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը, մինչդեռ 10 տոկոսի սեփականատերը Ուկրաինայի քաղաքացի Կիրիլո Նովակն է։