«Վրացական երազանք»-ի կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն Օգոստոսյան պատերազմի 18-րդ տարելիցին Կառավարության շենքում ճեպազրույց է անցկացրել Վրաստանում «ռուսատյացության» (ռուսոֆոբիայի) թեմայով։
Որպես ռուսատյացության օրինակներ Կոբախիձեն նշել է 2023 թվականին Astoria Grande նավով ռուս զբոսաշրջիկների մուտքի հետ կապված միջադեպը և «Կղվարելիս տբա» (Կղվարելիի լիճ) հյուրանոցում հարսանիքի ժամանակ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ ընդդիմադիր Էլենե Խոշտարիայի ակցիան։
«Վրացական երազանք»-ի կառավարությունը 2008 թվականի օգոստոսյան պատերազմի մեկնարկի ամսաթիվ է համարում օգոստոսի 8-ը և Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանատանը գտնվող հերոսների հուշահամալիր է այցելում օգոստոսի 8-ին։
Նույնը կատարվեց նաև պատերազմի 18-րդ տարելիցին։ Կուսակցության ղեկավարներն ու պետական այլ պաշտոնյաներ պատերազմում զոհվածների հուշահամալիրին ծաղիկներ խոնարհեցին օգոստոսի 8-ին և հանդիպեցին հերոսների ընտանիքների անդամներին։
Օգոստոսի 7-ին հուշահամալիր՝ պատերազմում զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին գնացել ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները։
«Վրացական երազանք»-ի ղեկավարներն իրենց քաղաքական հայտարարություններում պատերազմի սկսման համար ևս մեկ անգամ մեղադրեցին «Ազգային շարժմանը»։
«Վրաց ժողովրդին ոչ ռուսատյացությունն է բնորոշ, ոչ էլ որևէ այլ ֆոբիա, և երբ արհեստականորեն փորձում ես երկրում ռուսատյացություն հրահրել, դա նշանակում է, որ սեփական երկրի դեմ սադրանք ես կազմակերպում»,- Մուխաթգվերդիում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ ռուսատյացներն օտարերկրյա գործակալներ են։
«Վրաց ժողովուրդը ռուսատյաց չէ։ Ռուսատյացներն օտարերկրյա գործակալներ են։ Եղել է երեք տարբեր արշավ։ Երբ չհասան Վրաստանին պատերազմի մեջ ներքաշմանը, դեռևս 2022 թվականին իրականացրին ռուսատյացության երեք տարբեր արշավ։ Առաջին արշավը սկսեցին պատերազմի մեկնարկի ժամանակ, երկրորդ արշավը սկսեցին, երբ Պուտինը մոբիլիզացիա հայտարարեց, իսկ երրորդ արշավը սկսեցին 2022 թվականի զբոսաշրջային շրջանում, և ամեն անգամ ակտիվացնում էին դա։ Նպատակը սադրանքներ կազմակերպելն է։ Վրաց ժողովրդին ոչ ռուսատյացությունն է բնորոշ, ոչ էլ որևէ այլ ֆոբիա, և երբ արհեստականորեն փորձում ես երկրում ռուսատյացություն հրահրել, նշանակում է` սեփական երկրի դեմ սադրանք ես կազմակերպում։
Մենք արդյունավետորեն հակազդեցինք այս արշավներին և դրա հաշվին կարողացանք պահպանել մեր զբոսաշրջությունը։ Երբ նավարկությունը (կրուիզը) մտավ Բաթումի, և ռուս զբոսաշրջիկներ իջան, ոչ մի կերպ չկարողացաք բացատրել, թե որն էր տարբերությունը նավով ժամանած զբոսաշրջիկի և Լարսով՝ ցամաքով ժամանած զբոսաշրջիկի միջև։ Չկարողացաք բացատրել, բայց արշավ ծավալեցիք»,- ճեպազրույցի ժամանակ ասել էր վարչապետը։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում այս հարցին անդրադարձավ նաև «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտի» (DRI) հիմնադիր, Վրաստանի նախկին հանրային պաշտպան (օմբուդսմեն) Ուչա Նանուաշվիլին։
«Ռուսաֆոբիայի մասին հայտարարությունները Կրեմլի քաղաքականության իրականացումն են։ Կրեմլն է պահանջում, որ Վրաստանում ընթացող գործընթացները գնահատվեն հենց այդպես։ Ոչ թե այն, որ Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի տարածքի մի մասը և պայքարում է երկրի զարգացման ու եվրոպականացման դեմ, այլ իբր թե բողոքի ակցիաները ուղղված են ռուսների դեմ։ Տասնյակ հազարավոր ռուսներ են ապրում Վրաստանում, և նրանց նկատմամբ երբեք չի եղել բռնություն կամ ճնշում՝ որպես էթնիկ ռուսի։ Եթե որևէ միջադեպ էլ եղել է, դա միշտ կապված է եղել Ռուսաստանի իմպերիալիստական քաղաքականության հետ»,— ասաց նա։
Այս թեմային է առնչվում «Մեդիայի զարգացման հիմնադրամ» (MDF) հասարակական կազմակերպության հայտարարությունը, ըստ որի` հայտնաբերվել է 230 տրոլ, որոնք հավանել (լայքել) են «Վրացական երազանք»-ի կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեի՝ օգոստոսյան պատերազմի 18-րդ տարելիցին «ռուսատյացության» վերաբերյալ արած հայտարարությունը։
Տրոլը (սոցիալական ցանցերում և համացանցում) այն օգտատերն է կամ կեղծ հաշիվը (պրոֆիլը), որը դիտավորյալ տարածում է սադրիչ, կեղծ կամ վիրավորական նյութեր՝ մարդկանց մոտ բացասական էմոցիաներ վերհանելու, վեճեր հրահրելու կամ հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու համար։
MDF-ն («Միֆերի դետեկտորը») ուսումնասիրել է Կոբախիձեի ճեպազրույցի վերաբերյալ պատրաստված տեղեկատվական քարտերը, որոնք հրապարակվել են «Ինտերպրեսնյուս»-ի, նաև իշխանամետ «Իմեդի» և «Ռուսթավի 2» հեռուստաալիքների սոցիալական ցանցերում։ Կազմակերպության տվյալներով՝ օգոստոսի 12-ին արված հայտարարությունը հավանել են արհեստական բանականությամբ (AI) գեներացված հաշիվներ, «որոնց ընդհանուր հատկանիշները նշում են կոորդինացված ոչ ինքնատիպ վարքագծի (CIB) մասին»․
- Պրոֆիլի նկարները գեներացված են արհեստական բանականությամբ (AI),
- Տեղի է ունենում լուսանկարների և կոմպոզիցիայի կրկնօրինակում (դուբլիկացիա),
Աջակցությունն իրականացվում է արհեստականորեն ստեղծված սոցիալական բազմազանության հաշվին, - Հաշիվների վստահելիությունը բարձրացնելու համար AI-ով գեներացված պրոֆիլները նշում են աշխատատեղեր և ուսումնական հաստատություններ։
Նախկին դիվանագետ, պետական ծառայող Դավիթ Չխեիձեն այս թեմայով գրել է.
«Ժամանակակից աշխարհում ոչ մի ֆոբիա չես կարող արդարացնել՝ հավանում ենք, թե ոչ, պատրաստ ենք, թե ոչ։
Հիմա ռեժիմը փորձում է ստիպել մեզ արդարանալ, թե ռուսատյաց (ռուսաֆոբ) չենք։
Սա նույնպես թակարդ է։
Բայց Ռուսաստանի այսօրվա խնդիրը ոչ թե ռուսական մշակույթն է, այլ անմշակութայնությունը, մարդատյացությունը․․․ Ինչի հետ ընդհանուր բան ունեն այսօրվա ռեժիմը Վրաստանում և «Իմեդի»-ի քարոզչությունը։
Բոլոր ռեպորտաժներն անմշակույթ են, ինչ վերաբերում է Ուկրաինային, պատերազմին, Արևմուտքին․․․ Շատ ռուսական ձևով` անմշակույթ»,- գրել է նա։
Ըստ նախկին դիվանագետի՝ ուզենք թե չուզենք, կարողանանք թե չէ, Վրաստանը պետք է միավորվի. «Միայն թե դա չի լինի Ռուսաստանի շահերի օգտին՝ Արևմուտքի և Վրաստանի ընդհանուր շահերի հաշվին»։
Ըստ լրագրող Թամար Կեշելավայի՝ ռուսատյացության հորինումը պատահականություն չէ․
«Ռուսատյացությունը պատահականորեն չեն հորինել․ կարծում են, թե մնացած բոլորին արդեն ջարդել են, և գիտեն, որ նույնիսկ երբ վրացուն լրիվ ընկճված ու տրորված են համարում, միևնույն է` ռուսի անունը լսելիս ոտքի է կանգնում․ հիմա որոշել են ուղղակիորեն հարվածել հենց այս արյան կանչին»,- գրել է նա՝ հավելելով. «Դե հիմա էլ վառելիք մատակարարեք, հա՛, մեկ էլ տեսար մեր տարածքով դեպի Թուրքիա էլի հրթիռ արձակի։ Ու հետո ասեք, թե էլեկտրականությունը պատահականորեն անջատվեց, կամ էլ չգիտեք, թե ինչու անջատվեց»։