Սաակաշվիլին չի ներկայացել դատավարությանը. ​նիստը հետաձգվել է

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին չի մասնակցել Թբիլիսիի քաղաքային դատարանում կայացած դատավարությանը, գրել է netgazeti.ge լրատվականը: Այսօր՝ հունվարի 10-ին, դատարանում պետք է շարունակվեր պետական ​​գույքի յուրացման գործի քննությունը։

Սակայն, դատական ​​նիստի սկզբում դատավոր Բադրի Կոճլամազիշվիլին ընթերցել է Քրեակատարողական վարչության կողմից դատարան ներկայացրած արձանագրությունը, ըստ որի՝ Սաակաշվիլիին առաջարկվել է ներկա գտնվել այսօրվա դատավարությանը կամ մասնակցել հեռակա կարգով, ինչից նա հրաժարվել է։ Արձանագրության համաձայն, Սաակաշվիլին որպես մերժման պատճառ նշել է իր առողջական վիճակը։

Չնայած այն հանգամանքին, որ Սաակաշվիլին ներկա չէր դատավարությանը, նրա փաստաբանները պահանջել են դատավարությունը շարունակել առանց նրա, քանի որ, ըստ նրանց՝ Սաակաշվիլիի դիրքորոշումն այն էր, որ գործի դատավարությունը շարունակվի՝ անգամ իր ներկա չգնվելու պայմաններում։ Այսօրվա դատական ​​նիստին նրանք որպես վկա պետք է հարցաքննեին Պետական ​​պահպանության հատուկ ծառայության նախկին պետ Թեմուր Մղեբրիշվիլիին։ Սակայն, դատախազության ներկայացուցիչները միջնորդություն են ներկայացրել գործընթացը հետաձգելու մասին։ Նրանց կարծիքով, Սաակաշվիլիի դիրքորոշումը՝ շարունակել գործի քննարկումն առանց իր ներկայության, մշուշոտ է եղել։

Դատավորը համաձայնել է մեղադրող կողմի միջնորդությանը և գործի քննությունը հետաձգել մինչև փետրվարի 21-ը։

Ինչ է իրենից ներկայացնում պետական ​​սեփականություն հանդիսացող գույքի յուրացման գործը

Դատախազության տվյալներով, 2009 թվականի փետրվարին Սաակաշվիլին Վրաստան է հրավիրել մերսող թերապևտի, որն արդեն համապատասխան ծառայություններ է մատուցել նախկին նախագահին։

«Հետագայում, որպեսզի նախագահի ծախսերի մասին նմանատիպ տեղեկատվությունը չտարածվի հանրության շրջանում, 2009 թվականի ապրիլին Սաակաշվիլին որոշում է կայացրել իր անձնական նպատակների համար գաղտնի ձևով անհրաժեշտ միջոցներ ծախսել։

Սա այն դեպքում, երբ, մինչ այդ նախագահի ծախսերը պետական ​​էին և ֆինանսավորվում էին Վրաստանի նախագահի վարչակազմի և Պետական ​​անվտանգության գործակալության միջոցներով։

Ելնելով վերը նշվածից՝ Միխեիլ Սաակաշվիլին բյուջեից անհրաժեշտ միջոցները մոբիլիզացրել է իր անմիջական վերահսկողության տակ գտնվող Պետական ​​պաշտպանության հատուկ ծառայության համար, որից գաղտնի ռեժիմով ֆինանսավորվել են Միխեիլ Սաակաշվիլիի անձնական նպատակների համար նախատեսված ծախսերը»,- հայտնում են դատախազությունից:

Նշված գործով դատախազությունը Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրել 2014 թվականին: