Սաբա Բուաձեն լքեց «Լելո» կուսակցությունը

Սաբա Բուաձեն այլևս «Լելո» կուսակցության անդամ չէ։ Բուաձեի այս որոշման պատճառը կուսակցության դիրքորոշումն է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։

Բուաձեն մի քանի շաբաթ առաջ հրաժարվել էր քաղաքական խորհրդի անդամությունից և կուսակցության Թբիլիսիի կազմակերպության նախագահի պաշտոնից։ Նա գրել էր, որ ինքը կուսակցության անդամ է մնացել միայն խորհրդանշականորեն՝ մինչև կուսակցության առաջնորդներ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի բանտից ազատ արձակումը։

«Ինչպես գիտեք, հուլիսի 5-ին ես որոշում կայացրի թողնել իմ կուսակցական պաշտոնները «Լելո»-ում և մնացի շարքային անդամ մինչև Մամուկայի և Բադրիի բանտից դուրս գալը (բնականաբար, շարքային անդամ մնալը խորհրդանշական էր): Այսօր Մամուկան և Բադրին ազատ են, ուստի ուզում եմ ձեզ ասել, որ ես լիովին լքել եմ «Լելո»-ն։

Կցանկանայի շնորհակալություն հայտնել Մամուկային, Բադրիին և իմ մյուս ընկերներին, որոնց հետ 6 տարի առաջ հիմնադրեցինք «Լելո»-ն: Չնայած տարբեր հայացքներին, ես «Լելո»-ում թողնում եմ շատ ընկերների, որոնց հետ քաղաքական պայքարը կարևոր փորձառություն էր ինձ համար։

Իհարկե, ես մնում եմ քաղաքականության մեջ և շարունակում եմ փնտրել համախոհներ՝ միասին ստեղծելու այլընտրանք, որը վրացական քաղաքականության մեջ տիրող հիստերիան կփոխարինի առողջ բանականությամբ», — գրել է Բուաձեն։