Սադախլո-Աղքյորփիի ճանապարհը՝ Մառնեուլիի պատգամավորի առաջնահերթություն

Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի անդամ, Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին խորհրդարանի այսօրվա նիստի ընթացքում իր  ելույթում հարցերով դիմել է փոխվարչապետին ու նախարարներին: Պատգամավորը անդրադարձել է  շրջանում ենթակառուցվածքային տեսանկյունից հետագա անելիքներին՝ ընդգծելով առաջնահերթություններից մեկը, այն է՝ Սադախլո-Աղքյորփիի ճանապարհի վերանորոգումը.

«Շատ գյուղերում է լուծվել ճանապարհների հարցը: Մառնեուլիում մեկնարկած կարևոր նախագծերից է Սադախլո-Աղքյորփիի ճանապարհի վերանորոգումը, որը դադարեցվել է և ինձ հետաքրքիր է, թե երբ կշարունակվի այս կարևոր նախագիծը:  Այս գյուղը բարձրլեռնային է և ձմեռվա շրջանում խնդիրներ են առաջանում Մառնեուլի կամ այլ քաղաքներ հասնելու հարցում»,- ասել է Դարգալին Մառնեուլիի ռադիոկայանի հետ զրույցում:

Դարգալին ընդգծել է, որ իր հարցերի պատասխանները ստացել է,  նաև քննարկումներ են եղել նիստից դուրս:

Հիշեցենք՝ թեև նախորդ տարի ավելի քան 20 կմ  երկարությամբ ճանապարհի ավելի քան 6 կմ հատվածը հիմնանորոգվել էր, մնացած հատվածը շարունակում է  գրեթե անանցանելի վիճակում մնալ: