Սագարեջոյում զոհվածներից մեկը «Կարմիր Խաչի» անդամ էր

Լուսանկարը՝ Rustavi 2-ի

Վրաստանի Կարմիր խաչի կազմակերպությունից հայտնում են, որ Սագարեջոյում հարձակման հետևանքով զոհվածների թվում կազմակերպության անդամ Զաքարիա Մաթիաշվիլին էր։

«Վրաստանի Կարմիր Խաչի ընկերությունը խորը վիշտ է հայտնում Սագարեջոյում տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ, որը խլել է հինգ մարդու կյանք։

Ցավակցում ենք մահացածների ընտանիքներիի անդամներին, հարազատներին և ողջ Վրաստանին», — գրում է Վրաստանի Կարմիր Խաչի ընկերությունը։

Սագարեջոյում տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորների թվում է նաև «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցության անդամ Վալերի Մաթիաշվիլին։

«Գիրչիի» ղեկավար Զուրաբ Ջափարիձեի խոսքով՝ Մատիաշվիլիի վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

«Վալերի Մաթիաշվիլին մեր կուսակցության անդամ էր, ՏԻՄ ընտրությունների ժամանակ եղել է Սագարեջոյի ցուցակի առաջին համարը, ոտքից վիրավոր է, վիճակն այս պահին կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է Ջափարիձեն։

Հիշեցնենք, որ Վրաստանի Կախեթիի շրջանի Սագարեջոյի մունիցիպալիտետի Ռուսթավելի-Կոստավա փողոցների խաչմերուկում գտնվող բնակելի շենքի պատշգամբից գիշերը ժամը 1-ին կրակոցների ձայներ են լսվել: Առկա տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 5 մարդ: