Սահմանների հարցը քննարկվել է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ. Նախագահը սահմանազատման խնդիրների մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Դավիթ Գարեջիի շուրջ զարգացած իրադարձություններին: Նախագահը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է իր՝ նախարար լինելու ժամանակահատվածում պետական սահմանների հարցին: Զուրաբիշվիլիի խոսքով՝ պետական սահմանների  հարցն իսկապես երկկողմ օրակարգի կարևոր մաս է հանդիսացել և՛ Ադրբեջանի և՛ Հայաստանի գործընկերների հետ հանդիպումների ընթացքում:

Նախագահի խոսքով՝ ինքը չի տիրապետում նախարար լինելուց հետոյի տեղեկությանը, այսինքն՝ թե արդյոք  2005 թվականի հոկտեմբերի 19-ից հետո քննարկվել է  հարցը:

Նախագահը պատրաստակամություն է հայտնել ցանկացած պահի պատասխանել դատախազության հարցերին  ու տեղեկություն փոխանցել:

«Վերջին ժամանակահատվածում ստեղծված խառնաշփոթը հաստատ ուղղված է նախագահի ինստիտուտի թուլացմանը:

Այն ժամանակ, ինչպես էլ այսօր, հավատում էի ու հավատում եմ, որ սերտ բարիդրացիական և բարեկամական հարաբերությունները սահմանների դելիմիտացիայի ու գործն ավարտին հասցնելու կարիք ունեն»,- նշված է հայտարարության մեջ: