Սալոմե Զուրաբիշվիլին կհրաժարվի Հավլաբարի նստավայրից

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կհրաժարվի Հավլաբարի նախագահական նստավայրից։

«Ինչպես գիտեք իմ ընտանիքում եղել է Բարաթաշվիլի ու Օրբելիանի՝ իմ նախնիներն են, այդ պատճառով Օրբելիանիի նստավայրը ինձ համար շատ ավելի ընդունելի է»,-լրագրողների հետ զրույցում ասել է Զուրաբիշվիլին։

Այսպիսով Վրաստանի 5-րդ նախագահը կփոխի նախագահական նստավայրը, որտեղ ապրել  ու աշխատել են երկրի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և չորորդ նախագահ Գիորգի Մարգվելավիլին։

Վերջինս՝ նախագահի պաշտոնում առաջադրվելով իշխող «Վրացական երազանք»-ի կողմից, հարաբերությունները վատացրեց կուսակցության հիմնադիր ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հետ այն բանից հետո, երբ որոշեց աշխատել Հավլաբարում Սաակաշվիլիի կառուցած նստավայրում։

Սալոմե Զուրաբիշվիլին, ում նույնպես պաշտպանում է  «Վրացական երազանք»-ը, դեռ նախընտրական շրջանում էր հայտարարել, որ չի պատրաստվում աշխատել այդ հսկա ծախսեր ենթադրող շենքում։

Աթոնելի փողոցի (25) վրա գտնվող նստավայրը, որտեղ 90-ականների սկզբին տեղակայված էր Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը, ներկա իշխանությունները վերանորոգել էին՝ Սաակաշվիլիից հետո մյուս նախագահներին տրամադրելու նպատակով։

Այն անվանում են Օրբելիանիի նստավայր, քանի որ ըստ պատմական աղբյուրների, այդտեղ իսկապես եղել է նստավայր, որը Թեյմուրազ 2-րդ թագավորը նվիրել էր իր փեսային՝ Դմիտրի Օրբելիանի իշխանին։

Սալոմե Զուրաբիշվիլիին երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 16-ին: