Շարլ Միշելը կայցելի Վրաստան

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելն այսօր կայցելի Վրաստան: Այս մասին վերջինս հայտնել է նախօրեին ուշ երեկոյան Վրաստանի նախագահի նստավայրում համաձայնության փաստաթղթի ստորագրումից հետո` առցանց միացման ժամանակ։

Վրաստան կատարած այցի ժամանակ Միշելը հանդիպումներ կունենա քաղաքական կուսակցությունների հետ, ինչի ընթացքում կքննարկվեն հետագա քայլերը, որ պետք է արվեն Վրաստանի և ԵՄ միջև:

Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի իշխանություններն ու ընդդիմությունը գրեթե 6 ամիս տևած անհամաձայնությունից հետո եկան ընդհանուր հայտարարի: ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի փաստաթղթի շուրջ համաձայնության հասան իշխող «Վրացական երազանքը», «Լելոն», «Քաղաքացիները», «Շինարար ռազմավարությունը», «Գիրչին» և «Հանրապետականները»:

Փաստաթղթի տակ չեն ստորագրել «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն ու «Եվրոպական Վրաստանը»: Սակայն ՄԱՇ-ից Սալոմե Սամադաշվիլին և «Եվրոպական Վրաստանից» Դավիթ Բաքրաձեն ինքնուրույն են ստորագրել փաստաթղթի տակ:

Համաձայնագրի համաձայն` Վրաստանի քաղաքական կայունությունն ապահովելու համար կողմերի համաձայնությունից անմիջապես հետո ընդդիմությունը մտնում է խորհրդարան և լիարժեք միանում օրենսդիր մարմնի աշխատանքին: Մեկ շաբաթվա ընթացքում առաջարկվում է համաներման օրենքի նախագիծ, որով ազատ են արձակվում 2019 թվականի հունիսի 20-21-ի գործով դատապարտվածները, այդ թվում` Նիկա Մելիան և Գիորգի Ռուռուան:

Բոլոր հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն լրիվ համամասնական ընտրակարգով: Հաջորդ 2 խորհրդարանական ընտրությունների շեմը պետք է լինի 0-2 տոկոս:

Վրաստանում 2022 թվականին կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եթե «Վրացական երազանքը» 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ստանա 43 տոկոսից պակաս աջակցություն: