«Շարժական արդարադատության տուն» Մառնեուլիում

Վրաստանի «Շարժական արդարադատության տունը» տեղում կսպասարկի Մառնեուլիի մունիցիպալիտետի բնակչությանը, հայտնում է Մառնեուլիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Տեղեկության համաձայն, ծրագրի շնորհանդեսը տեղի ունեցավ Մառնեուլիի Ալգեթի գյուղում։

Հարկ է նշել, որ Մառնեուլիի շրջանի գյուղերի բնակիչներն այսուհետ հնարավորություն կունենան իրենց իսկ գյուղերում ստանալ Արդարադատության տան բոլոր ծառայությունները։

«Նախագծի շնորհանդեսին Արդարադատության տան նախագահ Լաշա Լոբջանիձեն, Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլին, Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը, Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն, տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչները տեղում հանդիպել ու առկա ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվություն են տրամադրել տեղի բնակիչներին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք նաև, որ «Շարժական արդարադատության տունը» Քվեմո Քարթլիի հինգ գյուղերում և նրանց շրջակայքում բնակվող 23 հազար բաժանորդներին կտրամադրի ավելի քան 470 ծառայություն:

Ի դեպ, ծրագրի շրջանակներում «Շարժական արդարադատության տունը» մինչև տարեվերջ կընդգրկի Վրաստանի բոլոր շրջանները։