Շփման գծում Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի շրջանում գտնվող Դիսևի գյուղի մոտակայքում ռուսական ուժերը  անօրինական կերպով ձերբակալել են Վրաստանի քաղաքացի Լաշա Խեթերելիին։

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) տվյալներով, դեպքի մասին տեղեկություն ստանալուն պես ակտիվացել է ԵՄ դիտորդական առաքելության կողմից գործարկվող «թեժ գիծը»։

«Միջազգային գործընկերները և Ժնևում միջազգային քննարկումների համանախագահներն անմիջապես տեղեկացվել են միջադեպի մասին: Գործարկվել են բոլոր գործող մեխանիզմները՝ ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացուն հնարավորինս արագ ազատ արձակելու համար»,- նշել են ՊԱԾ-ից։

ՊԱԾ-ը նշել է՝ Վրաստանի օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր սադրիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն տերությունը։

Ի դեպ, Խեթերելին Հարավային Օսիայի բանտից ազատ է արձակվել այս տարվա փետրվարի 28-ին։ Նա մի քանի անգամ ապօրինի բերման է ենթարկվել օկուպացիոն ուժերի ներկայացուցիչների կողմից։

Ներկայում Հարավային Օսիայի բանտում անօրինական բանտարկված է Վրաստանի 8 քաղաքացի։