Շվեդ եվրախորհրդարանական Գուստավ Գոտբերգը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթի ժամանակ նշել է, որ Վրաստանում իրավիճակը խորապես մտահոգիչ է.
«Սա վրացական մղձավանջ է, որը հստակորեն ընթանում է Կրեմլի օրակարգով։
Այնուամենայնիվ, չնայած քաղաքական ընդդիմության գրեթե բոլոր առաջնորդների ձերբակալությանը, այն դաժանությանը և ավտորիտարիզմին, որին մենք ականատես ենք լինում Իվանիշվիլիի կամքով, Վրաստանի ժողովուրդը՝ երկրի բոլոր տարիքային խմբերի մեծամասնությունը, ապացուցում է, որ ցանկանում է ազատություն, օրենքի գերակայություն, ժողովրդավարություն։
Նրանք ցանկանում են վայելել խոսքի և արտահայտման ազատությունը քաղաքական արշավներում՝ առանց դրա համար բանտարկվելու։ Նրանք ցանկանում են մասնակցել քաղաքացիական հասարակության գործունեությանը, որն այժմ խաթարվում է։ Նրանք ցանկանում են երթ անցկացնել Ռուսթավելիի պողոտայում՝ առանց ոստիկանական բռնության հետ գործ ունենալու։ Նրանք ցանկանում են լինել եվրոպացիներ։ Որովհետև նրանք եվրոպացիներ են։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը պետք է պաշտպանի նրանց և նրանց իրավունքները»,- ասել է եվրախորհրդարանականը։
Գոտբերգն ընդգծել է, որ Վրաստանը գուցե Եվրոպայի աշխարհագրական կենտրոնը չէ, բայց նրա ժողովուրդը եվրոպացիների պես ձգտում է ունենալ ազատ ապրելու հնարավորություն ժողովրդավարական երկրում, որտեղ օրենքի գերակայությունը հարգվում է։
«Մենք անընդհատ լսում ենք բողոքի ձայներ Ռուսթավելիի պողոտայից։ Մենք չպետք է մոռանանք Վրաստանի մասին։ Ահա թե ինչու են անհրաժեշտ անհապաղ գործողություններ։ Վրաստանում շաբաթ օրն ընտրություններ են լինելու միջազգային դիտորդների բացակայությամբ։ Նաև` Եվրոպական հանձնաժողովի։
Քաղաքական բռնաճնշումները պետք է դադարեցվեն, քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Լրատվամիջոցների անկախությունը պետք է երաշխավորվի։ Անհրաժեշտ են գործողություններ։ Անհապաղ»,- ասել է նա։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձևով կոչ է արել Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին միջպետական դատական գործ սկսել Վրաստանի դեմ՝ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։