«Silicon Valey»-ի վրացական տարբերակը

Թբիլիսիում առաջին բարձր տեխնոլոգիաների «Սիլիկոն Վելի» կենտրոնը կբացվի սեպտեմբերի 16֊ին: Վրաստանում իրականացված մի քանի միլիոն արժողություն ունեցող «Սիլիկոն վելի Թբիլիսի» ծրագիրը մեկ տարածքում կմիավորի IT ակադեմիա, բիզնեսի եւ տեխնոլոգիաների համալսարան, դպրոց, լաբորատոր եւ հետազոտական կենտրոններ, տեխնոլոգիական ինկուբատորներ:

Բարձր տեխնոլոգիական կենտրոնը տեղակայված է Թբիլիսիի Ճավճավաձեի 82 հասցեում։: «Սիլիկոն Վելի Թբիլիսի»֊ում Վրաստանի ներդրողները, ծրագրային ինժեներները եւ արդյունաբերողները, սեփական բիզնես մտահղացումները լիարժեքորեն կկարողանան իրականացնել: Ծրագրի շրջանակներում կլինեն նաեւ առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների եւ բրենդների գրասենյակներ, ուսանողական բնակավայրեր-հանրակացարաններ, ամառային դպրոց երեխաների համար, մարզադաշտերով եւ լողավազաններով: Ծրագիրը ներառում է բոլոր այն փուլերը, որոնք անհրաժեշտ են Վրաստանից բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահնման համար։ Ոլորտի Իսրայելցի մասնագետնեիը եւ ծրագրային ինժեներները «Սիլիկոն վելի Թբիլիսիում» հիմնել են IT ակադեմիա, որտեղ փորձով կկիսվեն վրացի ուսանողների հետ: Իսրայելը համարվում է ոլորտի առաջատար երկրներից մեկը, որը վերջին տասնամյակի ընթացքում այս տեսանկյունից մեծագույն առաջընթաց է արձանագրել:

Ակադեմիայում կլինի նաեւ կենտրոն, որտեղ շուկայի պահանջներին համապատասխան, տեղի կունենա կադրերի պատրաստում մասնավոր ընկերությունների համար: Ուսման առաջին փուլում ակադեմիայի ուսանողները ամենօրյա կրթություն ստանալու հնարավորություն կունենան, երկրորդ փուլում նրանք կզարգացնեն իրենց հմտությունները, երրորդում՝ սեփական բիզնես մտահղացումներով հանդես կգան: «Սիլիկոն Վելի Թբիլիսիի» բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին: Միջոցառմանը կմասնակցեն Վրաստանի կառավարության, բիզնես պալատի եւ բիզնեսասոցացիայի ներկայացուցիչները:

«Սիլիկոն վելի» տերմինը կալիֆորնիացի արդյունաբերող Ռալֆ Վաերստին է պատկանում: Նրա ընկեր՝ լրագրող Դոն Հոֆլերը 1971թ․ հունվարի 11-ին “Silicon Valey USA” է կոչել Electronic News շաբաթաթերթում հրապարակվող հոդվածաշարը: Հոդվածներում Հոֆլերը ընթերցողին պատմում էր Սան Ֆրանցիսկոյի հարավում գտնվող Սանտա Կլարայի մասին, որտեղ ամերիկյան խոշոր IT ընկերությունների գլխամասային գրասենյակներն էին տեղակայված: Այսօր Սան Ֆրանցիսկոյի ծոցի տարածքում, 386 հազարից ավելի բարձր որակավորում ստացած մասնագետ է աշխատում, ինչը «Սիլիկոն Վելիին» հնարավորություն է տալիս ԱՄՆ-ում խոշորագույն տեխնոլոգիական կենտրոնի անունն ունենալ։

Թողնել պատասխան