Սոփիո Քացարավան հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարին

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Սոփիո Քացարավան հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդիարովին: Խորհրդարանի լրատվական ծառայության տեղեկատվությամբ՝ կողմերը քննարկել են  էներգետիկ և ենթակառուցվածքային առկա ծրագրերը, դրանց կարևորությունը կայունության և զարգացման առումով:

Հանդիպմանը ընդգծվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կարևորությունը, որպես Ասիայի և Եվրոպայի միավորող կայուն և անվտանգ ճանապարհ և Վրաստան-Ադրբեջան-Թուրքիայի տնտեսական զարգացման կարևոր աղբյուրներից մեկը:

Սոփիո Քացարավան ուշադրություն է դարձրել տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Վրաստանի բռնազավթված տարածքներում առկա իրավիճակին և հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհին։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ԱԳ նախարարին՝ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանն աջակցելու համար:

Հիշեցնենք, որ երեկ Բաքվում Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպում է տեղի ունեցել: