«Stop Aliev». Փարիզում Ադրբեջանի դեսպանատան մոտ հայերն ակցիա են անում

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ հարյուրավոր հայեր են հավաքվել ու խաղաղ ակցիա են անցկացնում՝ հաջակցություն Հայաստանի։ 

Ցույցի մասնակիցներից ֆրանսիաբնակ Արթուր Խաչոյանը Ալիքի հետ զրույցում ասում է․ «Ուզում եմ մեր հայությանը տեղեկացնել, որ Փարիզում հավաքվել ենք Ֆրանսիայի հայերով, մեր աջակցությունն ենք ներկայացնում մեր Հայաստանին, ուզում ենք ասել, որ Սփյուռքը ձեզ հետ է։ Ճիշտ է՝ Ֆրանսիայի ոստիկանները մեզ մի քիչ խոչընդոտում են, բայց մենք շարունակում ենք կանգնած մնալ»։

Մասնակիցներից տեղեկացանք, որ հավաքն ընթանում է առանց լուրջ միջադեպերի։ Տեղում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված։ Ցուցարարների ձեռքերում «Կանգ առ, Ալիև», «Արցախը Հայաստան է» և այլ գրություններով պաստառներ են։ Ներկաները ելույթներ են ունենում, հավաքն  ուղեկցվում է հայրենասիրական երգերով։ Ցուցարարների կողքին նաև հոգևորականներ են կանգնած։

Այսօր նմանօրինակ խաղաղ հավաքներ են անցկացվել Եվրոպական տարբեր քաղաքներում։