Սուրբ Սարգսի տոնը կնշվի փետրվարի 4-ին

Այս տարի Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Սարգսի տոնը կնշի փետրվարի 4-ին, կիրակի օրը:

Թբիլիսիում 2010 թվականից ի վեր Հայ Առաքելական եկեղեցին ավանդույթ է ձևավորել՝ հոգևորականներով ուղեկցվող թափորը Սուրբ Էջմիածին եկեղեցուց շարժվում է դեպի Խարփուխի Սուրբ Սարգիս մատուռ: Այստեղ կատարվում են աղոթք, մոմավառություն, այնուհետև թափորը շարժվում է դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: Սուրբ Սարգսի տոնն ուղեկցվում է ոչ միայն եկեղեցական ծեսերով, այլ նաև ժողովրդական ավանդույթներով:

Ավանդույթի համաձայն, այս օրը երազում ապագա կնոջը կամ ամուսնուն տեսնելու համար անհրաժեշտ է ընդամենը ծարավ մնալ ողջ օրը, իսկ երեկոյան համտեսել աղի բլիթը՝ ինչքան աղի, այդքան ավելի լավ, այդքան ավելի մեծ է երազում մի բաժակ ջուր ստանալու հավանականությունը:

Աղի բլիթը, ըստ ժողովրդական ավանդության՝ պատրաստում է ամուսնացած, երջանիկ կինը: Պատրաստման եղանակը՝ խառնել ալյուրը, ջուրն ու աղը, հունցել, բլիթի տեսք տալ ու թխել:

Ըստ եկեղեցական ավանդության՝ արագահաս սուրբն իրականացնում է երազանքները․ ինչին հավատում ես ու շատ ցանկանում՝ դա էլ իրականանում է: Տոնի հետ կապված ավանդույթներում իր ուրույն տեղն ունի նաև փոխինձը: Տանտիկինները տեղադրում են փոխինձով լի ափսեն պատշգամբում կամ դռան շեմին՝ հուսալով, որ գիշերը Սուրբ Սարգիսն իր ձիով կայցելի ու ձիու պայտի հետքը կթողնի փոխինձի վրա:

Սուրբ Սարգիսը Կապադովկիայից է, 4-րդ դարի սուրբ է: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու երիտասարդների հովանավոր սուրբն է։